Օրգանիզմի ծերացումը բնական գործընթաց է, որից որևէ մեկը չի խուսափում, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ կան միջոցներ, որոնք օգնում են հնարավորինս դանդաղեցնել այդ գործընթացն ու պահպանել երիտասարդությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Ֆիզիկական ակտիվություն
Հետազոտությունները ցույց են տվել, որ ֆիզիկապես ակտիվ տարեցների մոտ մկանային համակարգն ավելի լավ է զարգացած, խոլեստերինի մակարդակն ավելի ցածր է, իսկ իմունային համակարգն ավելի լավ է գործում: Ընդ որում, հատկապես առողջարար են համարվում աերոբային վարժությունները, որոնց շնորհիվ ամրապնդվում է սրտամկանն, իսկ օրգանիզմն ավելի լավ է վերահսկում արյան մեջ շաքարի մակարդակը: Բացի այդ, ֆիզիկական վարժությունները բարելավում են կոգնիտիվ կարողությունները, իսկ դա ծերացման դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է:
Օգտագործել մանրաթելեր
Գիտնականների խոսքով՝ երիտասարդության պահպանման համար «կախարդական» մթերք են համարվում մրգերը, բանջարեղենն ու ամբողջական հացահատիկները: Դրանք հարուստ են մանրաթելերով, որոնք շատ կարևոր են անոթների առողջացման ու գլխուղեղի ակտիվության պահպանման համար:
Օգտագործել սպիտակուցներ
40 տարեկանից հետո մարդու օրգանիզմն սկսում է կորցնել մկանային զանգվածը, իսկ այս գործընթացը ծերացման մասին վկայող երկրորդ մարկերն է կոգնիտիվ գործառույթների թուլացումից հետո: Մասնագետների խոսքով՝ նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ամեն անգամ սնվելիս 25-30 գրամ ապիտակուց օգտագործել: Սպիտակուցների հարուստ աղբյուր են ընկույզները, կաթն ու կաթնամթերքը, անյուղ միսն ու լոբազգիները:
Պահպանել աղիների առողջ միկրոֆլորան
Աղիներում է գտնվում իմունային համակարգի աշխատանքի համար շատ կարևոր բջիջների ավելի քան 70 տոկոսը, ուստի աղիների առողջությունից ու դրա միկրոֆլորայի վիճակից է կախված տարբեր հիվանդությունների, այդ թվում նաև նեյրոդեգեներատիվ խանգարումների զարգացման նկատմամբ հակվածությունը: Աղիների միկրոֆլորայի վիճակի կարգավորման համար հարկավոր է հրաժարվել ծխախոտից ու ալկոհոլից, ինչպես նաև վերահսկողության տակ պահել սննդակարգը՝ սահմանափակելով վերամշակում անցած մթերքի գործածությունն ու օգտագործելով ավելի շատ թարմ ու պրոբիոտիկներով և պրեբիոտիկներով հարուստ մթերք:
Զբոսնել բնության գրկում
Մաքուր օդին զբոսնելիս մարդը վիտամին D է ստանում, որը պաշտպանում է տարիքային հիվանդություններից, ինչպիսին են քաղցկեղն ու սրտանոթային հիվանդությունները: Բացի այդ, հոտազոտությունները ցույց են տվել, որ վիտամին D-ի բարձր մակարդակը կանխում է քրոմոսոմների թելոմերների երկարության նվազումը, ինչը կապված է ծերացման գործընթացի արագության հետ: Բավարար քանակությամբ վիտամին D ստանալու համար բավական է օրական արևի տակ զբոսնել 15-30 րոպե:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
0Comments