Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների կամ բերման ենթարկվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. դեսպանություն

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մամուլի ծառայությունը հայտարարություն է արել՝ Վրաստանում բողոքի ցույցերի ժամանակ տուժածների թվում հայերի առկայության վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է.

«Հայտնում ենք, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների, ինչպես նաև բերման ենթարկվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան»:

Նշենք, որ ավել վաղ հայտնի էր դարձել, որ հիվանդանոց է տեղափոխվել ակցիաների ժամանակ տուժած 24 քաղաքացի, որոնցից 4-ը վիրահատական միջամտության կարիք են ունեցել, տուժածներից 2-ը զրկվել են աչքից:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:

Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:

Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է ավելի քան 70 տուժածի մասին: Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Live24. am-ը տեղեկացրել էր, որ այս գիշեր Վրաստանում խորհրդարանի մոտ բախում տեղի ունեցավ ոստիկանության ու ցուցարարների միջև, ովքեր, Ինտերֆաքսի փոխանցմամբ, պահանջում են խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախաձեի, ՆԳՆ և Անվտանգության ծառայության ղեկավարների հրաժարականը