Դատախազությունը բողոքարկել է

Այս մասին այսօր Վահագն Հարությունյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ հայտարարեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը

 

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանին չկալանավորելու Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, հայտնում է Armtimes.com-ը:

Այս մասին այսօր Վահագն Հարությունյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ հայտարարեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Նա նաեւ ասաց, որ վարույթն իրականացնող մարմինն օբյեկտիվորեն հանգել է այն հետեւության, որ Հարությունյանն իսկապես թաքնվել է: «Վահագն Հարությունյանը մինչ օրս թաքնվում է, մեր միջազգային գործընկերները տեղեկություն չեն տրամադրել նրա վերաբերյալ»,- հայտարարեց Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ, հունիսի 3-ին մերժել է Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնությամբ:

Հարությունյանը 8 ամիս է՝ գտնվում է հետախուզման մեջ: Քննիչի այս որոշումը Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը բողոքարկում է: