Ուժեղացված ռեժիմ Սեւանա լճի լողափերում. Ցոլակյանը հանձնարարեց կրկնակի բարձրացնել ջրասուզակների աշխատավարձը

Գավառի ՀՓՋ այցից հետո ԱԻ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրին մարզպետարանի դահլիճում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հունիսի 7-ին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, որի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, Գավառի եւ Սեւանի փրկարարական ջոկատների, Սեւանա լճի հանգստյան գոտիներում եւ հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ցոլակյանն այցելել է Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ նրան ներկայացվեցին ջոկատի աշխատանքային պայմաններն ու հնարավորությունները, տեխնիկական զինվածությունն ու հագեցվածությունը: Ջոկատում ընդգրկված է շուրջ 40 ծառայող, որոնք իրականացնում են շուրջօրյա հերթապահություն:

Գավառի ՀՓՋ այցից հետո ԱԻ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրին մարզպետարանի դահլիճում, որի ընթացքում քննարկվեցին Սեւանա լճի ավազանի հանրային մի շարք լողափերում ջրափրկարարական ուժեղացված ծառայության անցնելուն ու նոր հենակետերի ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր:

Խնդրի կարեւորությունն այն է, որ այս տարի անցկացվելիք համահայկական խաղերի առնչությամբ մարզը կընդունի շուրջ 4000 մարզիկներ եւ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից:

«Սեւան» ազգային պարկի տնօրենի առաջին տեղակալ Ա. Հունանյանն ասաց, որ մասնավոր սեփականություն հանդիսացող լողափերում փրկարարական ջոկատներ չկան, եւ անհրաժեշտություն կա ԱԻՆ-ի հետ համագործակցության միջոցով մասնագետներ պատրաստել ջրափրկարարական աշխատանքների համար:

Ֆ. Ցոլակյանը նշեց, որ այս հանդիպման առանցքային նպատակն է հստակեցնել բոլոր շահառու կողմերի գործառույթները: Նախարարը հետաքրքրվեց, թե ինչպես են իրականացվում Գավառի, Մարտունու եւ Շորժայի հարակից լողափերի փրկարարական աշխատանքները: Նա ընդգծեց, որ հնարավոր ամեն եղանակով պետք է լուծվի այս գոտիներում հենակետերի ստեղծման հարցը: Նախարարը հանձնարարեց կրկնակի բարձրացնել ջրասուզակների աշխատավարձը, բացի այդ, մեծ ուշադրություն դարձնել առաջին բուժօգնության տրամադրման հնարավորություններին:

«Շատ կարեւոր է գործին խղճով մոտենալը: Մենք միայն կրակ մարող չենք: Բնակչության պաշտպանությունը պետք է իրականացվի բոլոր առումներով ու համընդգրկուն», - ասաց նախարարը:

Նախարարի խոսքով՝ հանգստյան գոտիներում պետք է լինեն տեղեկատու վահանակներ ու ցուցանակներ:

Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնարարեց 10 օրվա ընթացքում ներկայացնել ջրափրկարարական աշխատանքների բարելավման առաջարկների փաթեթ՝ բոլոր շահառու կողմերի հստակ դերաբաշխումով:

Այցելելով նաեւ Սեւան քաղաքի N30 հատուկ ջրափրկարարական ջոկատ՝ ԱԻ նախարարը հանձնարարեց ձմռան սեզոնին մարզերում հենակետեր ծավալելու համար նախատեսված վագոն-տնակները տրամադրել ջրափրկարարական ջոկատին՝ ամառային սեզոնին Սեւանի ավազանի տարբեր կողմերում հենակետեր ծավալելու համար: Ֆ. Ցոլակյանն ասաց, որ իր հանձնարարությամբ շատ շուտով կլուծվի նաեւ ջոկատի խմելու ջրի եւ սանհանգույցի խնդիրը: