Քոչարյանի պաշտպանի բողոքը քննող Ռշտունին հեռացավ իր դեմ ներկայացված ինքնաբացարկի հարցը որոշելու

Դատախազը նշեց, որ հարցը ընդհանրական է հետագայում իր կարծիքը կարող է շահարկման առիթ դառնալ

Դատախազ Կարեն Բիշարյանը կողմ է քննիչի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ  բողոքը քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը։ Այս մասին այսօր ՝ հունիսի 3–ին վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց դատախազ Բիշարյանը՝ միանալով քննիչի կողմից ներկայացված միջնորդությանը։

Քննիչի կողմից դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար հիմք է հանդիսացել նախկինում դատավոր Վազգեն Ռշտունու կողմից Քոչարյանի գործով հայտնած դիրքորոշմանը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ անձեռնմխելիության հիմքով Քոչարյանին կալանքից ազատ արձակելուց հետո հետո 2018թ. սեպտեմբերին Ռշտունին լրագրողներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ որպես իրավաբան՝ Ազարյանի որոշման հետ համաձայն է։

Կարեն Բիշարյանի խոսքով՝ օրեր առաջ Վազգեն Ռշտունին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չի կարող Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու վերաբերյալ դիրքորոշում հայտնել, քանի որ հնարավոր է գործը գա Վերաքննիչ դատարան և մակագրվի իրեն։

«Ստացվում է, որ դուք Ալեքսանդր Ազարյանի դիրքորոշման հետ համամիտ եք  եղել, իսկ պաշտպանական կողմի բողոքի հիմքում բացառապես դրված է Ռոբերտ Քոչարյանի կողմից անձեռնմխելիության դրույթից օգտվելու հանգամանքը»,–ասաց դատախազը։

Ըստ նրա՝ այս հանգամանքը վկայում է, որ դատավոր Ռշտունին ներկայացված բողոքի քննության շրջանակներում կանխակալ մոտեցում ունի։

Դատավոր Վազգեն Ռշտունին նկատեց, որ Վերանքննիչ ատյանի երեք այլ դատավորներ նախկինում քննել են Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը և հակառակ դիրքորոշումը հայտնել՝  նշելով, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ։ Դատավորը դատախազից հետաքրքրվեց՝ արդյոք այդ դատավորները  կարող էին այս բողոքը քննել։

 Դատախազը նշեց, որ հարցը ընդհանրական է հետագայում իր կարծիքը կարող է շահարկման առիթ դառնալ։

 Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը հայտարարեց, որ հիմք չկա ինքնաբացարկ հայտնելու, իսկ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դատավորն ինքը պետք է որոշի՝  կարող է անկողմնակալ քննել այս գործը, թե՝ ոչ։

Այսպիսով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ դատական ակտ կայացնելու համար։

Նշենք, որ այն բանից հետո, երբ 2018թ. օգոստոսի 13-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր  Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ Քոչարյանը անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատ էր արձակվել,  Հովհաննես Խուդոյանը դիմել էր վարույթն իրականացնող մարմնին՝ խնդրելով այդ հիմքով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։ Քննիչը մերժել էր պաշտպանի միջնորդությունն, ինչից հետո նա դիմել էր առաջին ատյանի դատարան։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը ապրիլի 12–ին մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։ Այս որոշումը Խուդոյանը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ  Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: