«Ժողովուրդ»-ը գրում է. «Հաջորդ տարի Արցախում տեղի են ունենալու ե՛ւ նախագահի, ե՛ւ խորհրդարանի ընտրություններ: Արդեն իսկ նշմարվում են նախագահի հնարավոր թեկնածուները՝ Վիտալի Բալասանյանը և նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Բալասանյանի վերջին աղմկահարույց հայտարարություններն էլ հենց այդ հանգամանքով էին պայմանավորված. նա սկսել է քարոզարշավը` փորձելով շահել Արցախում ընդդիմադիր ընտրազանգվածի տրամադրությունները` միաժամանակ մոռանալով, որ ինքն առանցքային պետական պաշտոնյա է: Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, նա Արցախի խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող կուսակցության ղեկավարն է, նաեւ, անվերապահ աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը: Արցախում այս ընթացքում կուսակցություններն ակտիվացել են՝ բացելով նոր գրասենյակներ, նաեւ նոր կուսակցություններ են բացվում: Պատգամավոր Հայկ Խանումյանը տեղեկացրել է, որ իրենց մոտ 16 քաղաքական ուժ կա, որոնց մի մասը նոր է բացվել, մի մասն էլ գրանցման փուլում է»:
«Իրատես»-ը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իշխանությունը ժողովուրդն է, իրականում ամեն տեղ «ասողն» ինքն է: Խորհրդարանական ուժերն, այսպես թե այնպես, «խաղում» են նրա դաշտում` խուսափելով քննադատության թիրախ դարձնելուց կառավարության ղեկավարին: Սա ինչ-որ առումով հիշեցնում է նախկին որոշ խորհրդարանական ուժերի, որոնք բոլորին քննադատում էին, բայց Սերժ Սարգսյանի անվանը «սրբազան սարսուռով» էին վերաբերվում: Սա է պատճառը նաեւ, որ արտախորհրդարանական ուժերն ավելի արմատական ընդդիմադիր են դիտարկվում, քան խորհրդարանականները: Ավելին, քաղաքական օրակարգի բացակայության պատճառով, մեր տեղեկություններով, որոշ արտախորհրդարանական ուժեր, անհատներ որոշել են նոր ճակատ ձեւավորել, որպեսզի նախ հստակ արտաքին քաղաքական կողմնորոշում թելադրեն իշխանություններին, ապա իրենց քայլերով հակազդեն նրա քաղաքականությանը: Նախաձեռնության անդամները խնդիրներ են տեսնում եւ՛ ներքին. եւ՛ արտաքին քաղաքականությունում, որոնք հասարակությունը դեռ չի ցանկանում «բաց աչքերով» տեսնել: Առաջիկայում պարզ կդառնա, թե որ ուժերն ու անհատներն են այդ նախաձեռնության հեղինակները»:
«Իրավունք»-ը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը գործուղվել է Հայաստան, վերադարձը պատահական չէ. Ռուսաստանի իշխանությունները նրա հետ են հույսեր կապում, որ կլուծի գազի գնի շուրջ Հայաստանի իշխանությունների հետ ունեցած հակասությունները: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, Կարապետյանը նաեւ այլ նպատակներ ունի: Նա չի հաշտվում այն մտքի հետ, որ արդեն երկրորդ անգամ պաշտոնը կիսատ թողած հեռանում է Հայաստանից, մինչդեռ հայտարարում էր, որ այդպես չի լինելու: Ուստի փորձում է հայաստանյան քաղաքական գործընթացներից անմասն չմնալ՝ ու՞մ հետ, ո՞ր թիմով, դեռ հայտնի չէ»:
«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլը» թիմի պաշտոնյաների անհարիր պահվածքը հիմք է դարձել, որ նրանց հրամայվի «մեկ ամսով սկոչել բերանները, ինքնուրույն հագնել պալտոները»` մինչեւ անհրաժեշտ ստանդարտները մշակվեն եւ որպես ուղեցույց դրվեն նրանց սեղաններին` սերտելու համար: Ընդ որում, նույն աղբյուրի փոխանցմամբ, նախարար Արայիկ Հարությունյանը, վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որոնք «սորոսականների» համբավ ունեն, եւ որոնց պաշտոնավարումը ռուսական «ռազմավարների» սրտով չէ, ամեն րոպե կարող են թողնել պաշտոնները: Ի դեպ, Դավիթ Սանասարյանի գործունեությունն առանձնապես չի հիացնում նաեւ երկրի առաջին դեմքին, եւ որոշված էր, որ նա պետք է դառնա պատգամավոր՝ ազատելով այդ պատասխանատու եւ կարեւոր «պոստը», սակայն ռուսաստանյան հայտնի մեծահարուստներից մեկի «թեթեւ ձեռքով» Սանասարյանը մնացել է իր տեղում»:
«Իրատես»-ը գրում է. «Իշխանության կառուցվածքային քննարկումներին զուգահեռ Նիկոլ Փաշինյանի առաջիկա ծրագրերի մեջ է մտնում նաեւ գլխավոր դատախազի փոփոխության հարցը: Դրա համար նաեւ հող է նախապատրաստվում. պարբերաբար շրջանառության մեջ են դրվում դատախազության վատ աշխատանքի, կաշառակերության մասին լուրերը՝ հենց իշխանության ներսից: Իշխանափոխությունից հետո Փաշինյանը չկարողացավ այս փոփոխությունն անմիջապես գլուխ բերել, քանի որ խորհրդարանում չուներ համապատասխան ձայներ: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի ընտրության համար հարկավոր է պատգամավորների ձայների 3/5-ը, այսինքն, 79 ձայն: Սա նշանակում է, որ խորհրդարանում ունենալով մեծամասնություն` 88 պատգամավոր, Փաշինյանը կարող է Արթուր Դավթյանին հեշտությամբ փոխարինել իր ցանկացած թիմակցով»:
0Comments