Հունիսի 2–ին լրանում է Արա Խաչատրյանի անհետ կորելու ութերորդ տարին։ Այս մասին այսօր՝ մայիսի 30–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ Էմմա Հարությունյանը, որ կառավարության առաջ բողոքի ակցիա էր անում։ Նրա խոսքով՝ տղային՝ Արա Խաչատրյանին, մտերիմ ընկերներն են տանից դուրս կանչել, եւ այդ պահից սկսած նրանից, որեւէ լուր չունեն։
«Իմ տղային աչքիս առաջ տարել են ու մի գրչի հարվածով, փողի ուժով հին Հայաստանում, կոռումպացված երկրում գրել են անհետ կորած։ Տանողը եղել է իր ամենամոտ ընկերը, որը հին համակարգի հետ լայն կապեր ուներ, քեռին ոստիկան էր, փողով ծածկել են գործը ու գրել են անհետ կորած»,– ասաց Հարությունյանը։
Տիկնոջ խոսքով այս խնդրով դեռ տարիներ առաջ դիմել է Նիկոլ Փաշինյանին։
«Երբ որ պարոն Փաշինյանը եղել է ընդդիմադիր պատգամավոր, մի քանի անգամ հանդիպել եմ նրան, այդ ժամանակ ասաց ոչինչ չեմ կարող անել. անցել է յոթ տարի։ 2018թ.–ի մայիսի 11–ին, երբ առաջին անգամ վարչապետը եկավ կառավարություն, հենց այստեղ ես մոտեցա նրան, ասաց՝ ինչու ձեր տղային դեռ չե՞ն գտել»,– ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ արդեն մեկ ամիս է՝ ամեն օր գալիս է կառավարության շենքի մոտ, որպեսզի հանդիպի վարչապետին, բայց ապարդյուն։
«Ամեն առավոտ իմ երեխու նկարը ձեռքիս կանգնած դուք ինձ տեսնում եք, չեք կանգնում։ Ասում եք՝ իմ ցավը ձեր ցավն է, իմ վիշտը ձեր վիշտն է. դուք էլ հայր եք, դուք էլ երեխաներ ունեք»,– ասաց Հարությունյանը։
Նա կարծում է՝ ինչ որ մարդիկ կան այս ամենի ետում կանգնած, այլապես գործը վաղուց բացահայտված կլիներ։
«Պարոն Վանեցյան սա 21–րդ դարն է, քարի դարը չէ, որ դուք ուզեք, իմ երեխային կգտնեք, եւ նա իմ կողքին կլինի։ Պարոն Փաշինյան, գիտեմ՝ շատ զբաղված եք, բայց իմ տղայի կյանքն ամեն ինչից թանկ է, խնդրում եմ՝ ինձ ընդունք, քանի որ տվյալներ կան, որ ես չեմ ուզում հրապարակել, անձամբ Ձեզ եմ ուզում ասել»,– ասաց Էմմա Հարությունյանը։
Նա պատմեց, որ օրեր առաջ միջադեպ է եղել իր եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ, որից հետո իրեն տեղափոխել են ոստիկանության բաժին։
«Ես եկա իմ տղայի համար բողոքելու, այնպիսի ուժ գործադրեցին, ասֆալտով ինձ քարշ տվեցին, տարան գցեցին կենտրոնական բաժին։ Ոչ մի քայլ չեն անում իմ տղային գտնելու համար, ոստիկաններն էլ բռնության են դիմում»,– եզրափակեց տիկինը։
0Comments