Ես իրավաբան չեմ, որ ՀՅԴ-ի հայտարարություններին գնահատական տամ, բայց որ անհանգստության պատճառ կա, ես դրա հետ համաձայն եմ։ «Առաջին լրատվականին» ասել է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ անդրադառնալով ՀՅԴ բյուրոյի ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե «սա մի ընթացք է, որ գուժում է սահմանադրական պետության վերջի մասին»։
Աշոտ Մելքոնյանը համոզմունք հայտնեց, որ իրավական պետություն ստեղծելու գաղափարը և մղումը մեզանում կա, ուղղակի փակուղային իրավիճակի պայմաններում հաճախ գործածվում են մեթոդներ, որոնք իրավական չեն։
«Այս իմաստով դժվար է ասել, թե իրավական պետություն ստեղծելու ճանապարհին ոչ իրավական մեթոդներ օգտագործելը ճիշտ է, թե ոչ։
Պատմությունը հուշում է, որ երբեմն անելանելի իրավիճակում գտնվելիս, երբ քո դիմաց դժվարություններ կան, պատ կա, դու փորձում ես օրենքը շրջանցել օրինական իրավիճակ ստեղծելու համար։ Դրա համար էլ ես կարծում եմ, որ սա իրավաբանի խնդիր է։ Մյուս կողմից մենք պետք է փորձենք գտնել միջին տարբերակը, որ առանց օրենքը շրջանցելու օրինական երկիր ստեղծենք»,-ասաց Աշոտ Մելքոնյանը։
Անդրադառնալով անցումային արդարադատությանը, նա մտահոգություն հայտնեց, թե արդյոք անցումային դատարանները չեն կրկնելու խորհրդային շրջանի տրոյկաների դատարանների տխուր պրակտիկան. «Իշխանության աջակցությունն ունենալու պարագայում նման անցումային դատարանները կարող են նաև ոչ իրավական քայլեր իրականացնել, որը շատ վտանգավոր է։
Ես խիստ անհանգստացած եմ հասարակության բևեռացման հանգամանքով։ Այսօր դժվար է գտնել միջին խավ, որը գտնվում է երկու ճամբարների մեջտեղում, որովհետև եթե մի քիչ աջ թեքվես քեզ կդասեն սևերի շարքին, իսկ եթե ձախ թեքվես՝ սպիտակներին»,-ասաց Մելքոնյանը։
0Comments