Ավելի լավ է ինտեգրվեն ներկային, եթե ոչ, կրկին ճիճվաթափ են լինելու

Ցանկանում եմ փաստել, որ Արցախը պատմական Հայրենիքի ազատագրված տարածքի մի մասն է

 

Այն, որ հեղափոխության շունչը չհասավ Արցախ, կարծում եմ, Փաշինյանի բարի կամքի ցանկությունն էր՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի կարգավիճակը, որպես պատերազմական գոտի: Այսօր այդտեղի իշխանական դաշտից որոշակի ձայներ են հասնում, ընդ որում՝ զինվորականի, իշխանական քննադատություններ, խորհուրդներ, հորդորներ դեպի Հայաստանի Վարչապետին:
Ցանկանում եմ փաստել, որ Արցախը պատմական Հայրենիքի ազատագրված տարածքի մի մասն է, որի և՛ իրավական, և՛ անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է:
Համեմատական անդորրը դիրքերում շնորհիվ է ժողովրդի միասնության և Հայաստանի վարչապետի բարձր հեղինակության միջազգային ատյաններում, որի պահպանմանն ու բարձացմանը պետք է նպաստեն բոլորը, այդ թվում նաև Արցախի բարձրագույն իշխանությունը, ընդ որում՝ ելնելով Հայաստանի անվտանգության շահերից, որն իր հերթին Արցախի իրավական և անվտանգության երաշխավորն է, և դա պետք է Արցախի իշխանավորի համար լինի պարտավորություն: Եվ դա այս պահից սկսած, անկախ նրանից, թե ով է Հայաստանի ղեկավարը, պետք է լինի պարտադիր պայման և գրավականը միասնականության, Հայաստանի հզորացման:
Ասեմ ավելին, այսուհետ պատերազմական գոտում գտնվող իշխանավորների և ընդհանրապես ողջ իշխանական կառույցների կողմից նման հրապարակային կիսախրատական, կիսահորդորական, կիսանեղացած գործողություններ իրականացնելու դեպքում պետք է դիտել Հայաստանը պառակտելու, թուլացնելու գործողություն, որն ուղղակի աղերս ունի Հայաստանի անվտանգության հետ՝ բխող բոլոր իրավական հետևանքներով:
Հ.Գ.Խնդրում եմ առողջ քննադատությունը, ընդ որում, ոչ իշխանավորի կողմից, չխառնել վերոգրյալի հետ: Ինքս եղել եմ Վարչապետին առաջինը կոշտ և հրապարակային քննադատող անձը՝ կապված ընտրովի, փողոցային արդարադատության հետ: Դա արել եմ նաև հրապարակային և կոշտ ձևով նախկին երեք նախագահների օրոք: Ավելին, այն լինելու է տևական, մինչև Հայաստանում ձևավորվի մշակույթ՝ արդար դատաքննության, անկախ, թե ում է այն վերաբերում: ՈՒ մի բան էլ. բոլոր նրանք, ովքեր հույս ունեն, որ նախկինը հետ են բերելու, ավելի լավ է ինտեգրվեն ներկային, եթե ոչ, կրկին ճիճվաթափ են լինելու:

Լևոն Բաղդասարյան 
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի
գլխավոր տնօրեն