Տեղ են ազատում, որպեսզի մոնոպոլիստ գա. Անուն չեմ տա, այդ անձը պաշտոնյա է, միլիարդատեր

Ապրիլի 19-ից Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության հրահանգով շրջիկ սրճարանները հոսանքազրկել են և թույլ չեն տալիս աշխատել, 47 տնտեսվարող սնանկացել է, 120 մարդ գործազուրկ է դարձել.Արեն Մելիքյան

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում շարժական սրճարանների սեփականատերերը՝ հանդիպում պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ակցիայի մասնակից Արեն Մելիքյանը տեղեկացրեց, որ ապրիլի 19-ից Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության հրահանգով իրենց շրջիկ սրճարանները հոսանքազրկել են և թույլ չեն տալիս աշխատել, 47 տնտեսվարող սնանկացել է, 120 մարդ գործազուրկ է դարձել:

«Տեղ են ազատում, որպեսզի մոնոպոլիստ գա: Անուն չեմ տա, բայց տեղեկություն ունենք, որ արդեն գործարանային պատրաստված մեքենաներ կան, խոշոր խաղացողների հետ է կապված այս ամենը: Այդ անձը պաշտոնյա է, միլիարդատեր»,- ասաց Մելիքյանը:

Տիգրան Զարինյանը շեշտեց, որ այս հարցը պետք է անմիջապես լուծում ստանա, ոլորտում հիմանկանում երիտասարդներ են աշխատում. «Սեզոնային է, երբ բոլորը պետք է աշխատեին ու իրենց ներդրումներից ինչ-որ մի օգուտ քաղեին, խոչընդոտում են»: