Երեւանի փողոցներում երթեւեկության դադարեցումը աննախադեպ չէ

Ոստիկանության պարզաբանումը՝ փակ փողոցների վերաբերյալ

Այս օրերին սոցցանցում որոշ օգտատերեր դժգոհություն են հայտնում, թե ոստիկանությունը Քաղաքացու տոնի կապակցությամբ որոշել է փակել մայրաքաղաքի կենտրոնական փողոցները: Ոստիկանությունն այդ մասին պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Հայտնում ենք, որ ոստիկանությունը երթեւեկությունը դադարեցնելու որոշումներ չի կայացնում, այլ պատկան մարմինների որոշումների շրջանակում իրականացնում է իր գործառույթները՝ հասարակական կարգի պահպանման եւ միջոցառումներին մասնակցող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Ի դեպ, մայրաքաղաքի փողոցներում երթեւեկության դադարեցումը աննախադեպ չէ. երթեւեկությունը համապատասխան փողոցներում համապետական կամ քաղաքային միջոցառումների շրջանակում ամեն տարի դադարեցվում է Անկախության օրվա, Ապրիլի 24-ի, Մայիսի 9-ի միջոցառումների, «Էրեբունի-Երեւան» տոնախմբության շրջանակում, Երեխաների պաշտպանության միջազգային օրը եւ այլն, իսկ նույն Սարյան փողոցը փակվել ու փակվելու է, օրինակ, Գինու փառատոնի ժամանակ:

Ոստիկանությունը կրկին հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ժամանակավոր անհարմարությունների համար եւ հիշեցնում, որ դա արվում է բացառապես քաղաքացու անվտանգությունն ապահովելու նպատակով»: