Դեղձի հայրենիքը համարվում է Չինաստանը: Այնտեղ այս պտուղը խորհրդանշում է երկարակեցությունը, անմահությունը: Այդ մասին են վկայում X դարի չինական գրավոր աղբյուրները։ Անմահության Քսի-վանգ-մու աստվածուհին պատկերվում էր դեղձը ձեռքին: Ավելին, դեղձը համարվել է կայսերական սնունդ։ Չինաստանում ծննդյան տարեդարձերին միմյանց դեղձ են նվիրում: «Persina» լատինական անվանումը թարգմանաբար նշանակում է` Պարսկաստանից եկած։
Դեղձը աշխարհով մեկ տարածվել է «Մետաքսի ճանապարհով»: Եվրոպա է հասել Պարսկաստանից: Նույնիսկ լեգենդ կա, ըստ որի` պարսիկ թագավորները եգիպտացիներին պատժելու համար Եգիպտոսում դեղձի ծառեր են տնկել, որոնք թույն էին պարունակում եւ դրանով պետք է թունավորեին եգիպտացիներին: Սակայն Եգիպտոսի հողն այնքան պտղաբեր էր, որ դեղձի պտուղներից չեզոքացրել է թույնը` դրանց օգտակար հատկություններով օժտելով: Ալեքսանդր Մակեդոնացու զինվորներն, այնուհետեւ, դեղձը տարածել են Հունաստանում եւ Հռոմում: XV դարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր «Անգիտաց անպետ» դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում դեղձի վերաբերյալ գրում է.
«Ամենաօգտակարը այն տեսակն է, որի կորիզը հեշտությամբ է անջատվում պտղամսից։ Դեղձի ծառի տերեւների հյութն օժտված է ճիճվասպան հատկությամբ, սպանում է նաեւ ականջի որդերին։ Իջեցնում է ջերմությունը, հագեցնում է ծարավը։ Հյութը օգնում է այրող դողէրոցքի դեպքում։ Ավելի օգտակար է դեղձի չիրը, այն ուտելուց առաջ հարկավոր է թրջել, բայց 10 հատից ավելի ուտել չի կարելի։ Դրա վնասակար ազդեցությունը չեզոքացնում է վարդի մուրաբան։ Իսկ փոխարինել կարող է ծիրանը»։
Դեղձենին ազգակից է ծիրանենուն։ Դեղձի կորիզն ունի հաստ, ակոսավոր, խորշիկներով պատյան։ Հյութալի պտղամիսը պարունակում է 6-15% շաքարներ, օրգանական թթուներ (խնձորաթթու, գինեթթու, կիտրոնաթթու, խինինաթթու), հանքային նյութեր, կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, ծծումբ, քլոր, կրեմնիում, ցինկ, ֆտոր, նիկել, քրոմ, ալյումինիում, կարոտին (ենթավիտամին A, C, B1, B2, P, PP, E), պեկտին, սպիտակուցներ եւ այլն։
Կորիզը պարունակում է մինչեւ 57 տոկոս ճարպայուղ, եթերայուղ, գլիկոզիդ ամիգդալին։ Սերմերի միջուկը դառն է, ունի նուշի հոտ։ Ի դեպ, կորիզը պարունակում է հազվագյուտ B17 վիտամինը: Ժողովրդական բժշկության մեջ բուժանյութ են հանդիսանում հասուն պտուղները, տերեւները, ծաղիկները։
Եփուկները եւ թարմ, մատղաշ տերեւների հյութը օգտագործում են ռեւմատիզմի, գլխացավի, որոշ աղեստամոքսային հիվանդությունների դեպքում։ Սկզբում չինացիներն են դեղձը օգտագործել բուժիչ նպատակներով: Նրանք հավատում էին, որ Լուսնի երրորդ օրը հավաքված դեղձի ծաղիկներից պատրաստված գինին մի շարք հիվանդություններ է բուժում:
Դեղձն օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար: Ժողովրդական բժշկության մեջ դեղձի թարմ հյութը կամ դեղձի տերեւներով եւ եռացրած ջրով պատրաստված թուրմը համարվում է միզամուղ եւ թուլացնող միջոց: Նաեւ սա խորհուրդ է տրվում գլխացավերի, ռեւմատիզմի, շնչառական օրգանների, լյարդի, երիկամների, մարսողականության հետ կապված խնդիրների, անեմիայի, առիթմիայի եւ գաստրիտի դեպքում: Կորիզներից պատրաստում են որդաթափ պատրաստուկներ։
Հակացուցված է՝ սննդային ալերգիայի, շաքարային դիաբետի, վահանաձեւ գեղձի հիվանդությունների դեպքում։ Դեղձը հրաշալի դիետիկ սնունդ է (100 գրամը պարունակում է 40 կկալ), օրվա մեջ 2-3 դեղձը օրգանիզմը հարստացնում է օգտակար վիտամիններով։ Լյարդի, սրտային, երիկամային հիվանդությունների դեպքում սնունդ ընդունելուց հետո օրը 2 անգամ թարմ դեղձից պատրաստված խյուս (պյուրե) կերեք եւ կամ 2-3 կտոր դեղձաչիր` նախապես փափկեցնելով տաք ջրի մեջ։
Դեղատոմսեր
Ստամոքսաբորբի (գաստրիտ) դեպքում 2 թարմ դեղձի պտղամիսը մանր կտրատել, լցնել արծաթապատ թավայի մեջ, վրան լցնել 200 մլ եռջուր, 10 րոպե պահել մարմանդ կրակի վրա։ Կրակից վերցրեք, թողեք սառչի, ապա քամեք: Ստացված խյուսը կիսեք 4 մասի, ընդունեք ուտելու ընթացքում։
Էկզեմայի դեպքում 2 ճաշի գդալ չորացրած ծաղիկների եւ տերեւների վրա լցնել 200 մլ եռջուր, թրմել 20 րոպե, քամել։ Օրը 3 անգամ քսել մաշկի ախտահարված հատվածներին։
Մրսածության, հարբուխի դեպքում կարելի է նաեւ դեղձի տերեւների եփուկով լոգանք ընդունել։ Քնելուց առաջ լայն բերանով ջերմապահի մեջ լցնել տաք ջուր, մեջը կաթեցնել 3-5 կաթիլ դեղձայուղ եւ շնչել տաք գոլորշին։
Շրթունքների եզրային ճաքերի դեպքում 100 գրամ դեղձի կորիզների միջուկները սրճաղացով աղալ, խառնել 2 ճաշի գդալ խոզաճարպի (սալ) հետ, քնելուց առաջ քսել շրթունքներին։
Դժվար միզարձակման դեպքում 1 թեյի գդալ մանր կտրատած դեղձի տերեւների վրա լցնել 20 մլ եռջուր, 10 րոպե եփել ջրային բաղնիքի վրա։ Քամել։ Ընդունել 1/4-ական բաժակ, օրը` 3-4 անգամ, մինչեւ սնունդ ընդունելը։
Երեխաների դիաթեզի դեպքում դեղձի կորիզների միջուկները 30 րոպե տեւողությամբ տապակել չուգունե (հաստ հատակով) թավայի մեջ։ Ջարդել, մանրացնել։ Ստացված ալյուրատիպ փոշին խառնել ջրի հետ եւ ստացված խյուսը քսել մաշկացանի վրա։
Փորկապության դեպքում սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ ընդունել 1/4-ական գավաթ թարմ դեղձահյութ։
Արյունահոսող եւ դժվար ամոքվող վերքերի դեպքում վնասված հատվածների վրա թարմ դեղձենու տերեւներ ամրացնել։ Չորս ժամը մեկ թարմացնել սպեղանին։ Շարունակել մինչեւ վերքն ապաքինվի։
Դեմքի մաշկի կնճիռների դեպքում լորի ձվի 1 դեղնուցը, մեկական գդալ հեղուկ մեղրը եւ դեղձայուղը խառնել իրար, որպեսզի միասեռ զանգված դառնա։ Բամբակե խծուծով քսել դեմքին, պարանոցին։ Չորանալուց հետո վրայից քսել երկրորդ շերտը (հետո՝ երրորդը)։ Պահել 20-25 րոպե։ Մաքրել դիմակը ջրի մեջ թրջած խծուծի միջոցով։ Կրկնել շաբաթը 1-2 անգամ, ընդհանուր բուժման ժամկետը՝ 25 դիմակ։
Մազաթափության դեպքում 2 դեղձի պտղամիսը (կեղեւից, կորիզից մաքրած) պատառաքաղով տրորելով լավ փափկեցնել։ Ավելացնել 2-3 ճաշի գդալ կաթ, 5-7 կաթիլ խնկածաղկի (ՊցՔՌՓՈ) յուղ։ Հավասարաչափ քսել մազերին, 20-30 րոպե հետո մազերը լվանալ օճառահեղուկով։
Օշարակ
Դեղձենու 2 կգ հասուն պտուղների (նախապես լվացված ու կորիզները հեռացրած) մրգային պտղամսի վրա ավելացնել փոքր քանակությամբ ջուր։ Եփել 30 րոպե, ապա քամել։ Ստացված մրգային խյուսը խառնել 2 կգ շաքարավազի հետ, ավելացնել 1,5 գրամ կիտրոնաթթու, եփել 50-10 րոպե։ Ստացված օշարակը լցնել տարաների մեջ եւ պաստերիզացնել։ Պահպանել զով տեղում։
Դեղձի օգտակար հատկություններին եւ դեղատոմսերին կանդրադառնանք հաջորդիվ: Այժմ վայելեք այս հրաշալի պտուղը:
Առողջ եղեք:
0Comments