Որպես նախկին մշակույթի նախարար` ես կոռեկտ չեմ համարում որևէ մեկնաբանություն անել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Մշակույթի նախարարության որոշմանը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանի ազատմանը և դրա շուրջ ստեղծված աղմուկին:
Լիլիթը հաստատեց, որ ինքը և Օրբելյանը հեռախոսազանգ են ունեցել և ներկայացրեց, թե ինչ բովանդակությամբ. «Իմ և պարոն Օրբելյանի արվեստագետ ընկերներից մեկը ինձ տեղեկացնում է, որ պարոն Օրբելյանը իրեն լավ չի զգում, և լավ կլինի, որ ես իրեն զանգահարեմ: Ես զանգահարում եմ պարոն Օրբելյանին, նա ասում է, թե ինչ է տեղի ունեցել»:
Նա նշեց, որ Օրբելյանի հետ զրույցում ասել է, որ նրա ազատման որոշումից տեղյակ չի եղել, միաժամանակ ասել է, որ որևէ միջամտություն չի ցուցաբերելու:
Լրագրողի հարցին, որ տեղեկություններ կան, որ Օրբելյանի ազատման որոշումը կայացվել է դեռ այն ժամանակ, երբ ինքն էր մշակույթի նախարարը, Մակունցն ասաց. «Ես չեմ մեկնաբանի, լավ»:
Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ Մշակույթի նախարարության՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցվել են՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ըստ որի, տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հետ մեկտեղ անձն իրավունք չունի զբաղեցնել մեկ այլ պաշտոն՝ բացի մանկավարժական, ստեղծագործական և գիտական աշխատանքից:
0Comments