Իրանի հարավում հեղեղման զոհերի թիվը հասել է 19-ի

Իսմայիլ Նաջարը հայտարարել է, որ մարտի 24-ին երկրում սկսված տեղատարափները հեղեղումների պատճառ են դարձել 25 նահանգներում

Առնվազն 19 մարդ է մահացել, եւս 119-ը՝ տուժել Իրանի հարավի Շիրազ քաղաքում մոլեգնող հեղեղումների հետեւանքով: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Փիրհոսեյն Քուլիվանդին:

Ավելի վաղ հաղորդվել էր 17 մահացածների եւ 74 տուժածների մասին: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին տեղական իշխանություններից պահանջել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հեղեղումից տուժած տարածքներում: Նախագահը նշել է, որ հեղեղումները շարունակվում են Գուլիստան հյուսիսային նահանգում եւ կոչ է արել կաբինետի նիստ անցկացնել տարածաշրջանում ենթակառուցվածքի, ֆերմերային տնտեսությունների եւ անձնական ունեցվածքի վնասների գնահատման համար:

Իրանի նախագահը մարտի 25-ին ցավակցություն է հայտնել հեղեղումից տուժածներին: Ավելի վաղ ճգնաժամային իրավիճակների գծով ծառայության ղեկավար Իսմայիլ Նաջարը հայտարարել է, որ մարտի 24-ին երկրում սկսված տեղատարափները հեղեղումների պատճառ են դարձել 25 նահանգներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: