39 մարդ փրկվել է, կա մեկ զոհ. Հունաստանի ափերի մոտ շրջվել է միգրանտներ տեղափոխող նավակը

Մանրամասներ
պատահար

Հունաստանի իշխանությունները հայտնաբերել են մի տղամարդու դի եւ փրկել 39 միգրանտի ծովում, այն բանից հետո, երբ նրանց նավակը շրջվել է Միջերկրական ծովում, Գավդոս կղզու մոտ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Հունաստանի ափային պահպանությանը։

Ականատեսների խոսքով՝ շատերն այդ ժամանակվանից համարվում են անհետ կորածներ, եւ ափային պահպանությունը սկսել է որոնողական գործողություն՝ ներգրավելով նավեր եւ ավիացիա, քանի որ նրանք նախազգուշացվել են միջադեպի մասին ուրբաթ երեկոյան։

Այլ միջադեպերի ընթացքում, որոնք տեղի են ունեցել շաբաթ օրը, բեռնանավը, որը նավարկում էր Մալթայի դրոշի տակ, փրկել է 47 միգրանտի, իսկ լցանավը փրկել է եւս 88 միգրանտի Հունաստանի հարավում։

Նախնական տեղեկության համաձայն՝ ափային պահպանության ներկայացուցիչները կարծում են, որ նավակները միասին են հեռացել Լիբիայից։

ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ վերջին մեկ տարում հաճախակիացել են միգրանտներ տեղափոխող նավակների հետ կապված միջադեպերը եւ նավաբեկությունները Կրետեի ափերին եւ Գավդոս փոքր կղզու մոտ։