Գնդակահարել են հունական մաֆիայի ղեկավարին

Մանրամասներ
փոլիս

Աղմկահարույց սպանություն է տեղի ունեցել Աթենքի հարավում գտնվող բենզալցակայանում, հայտնում է BBC-ն։

Հանցախմբի ղեկավար Վանգելիս Զամբոնիսին սպանել են երկու անհայտ անձինք, նրանց արդեն որոնում են։

Հունական քրեական աշխարհում ազդեցիկ դեմք համարվող Զամբոնիսին գնդակահարել են Կալաշնիկով ինքնաձիգից՝ արձակելով ավելի քան 90 փամփուշտ։

Ենթադրվում է, որ նա գլխավորել է շորթողների խումբը և զբաղվել ծխախոտի և վառելիքի մաքսանենգությամբ։

Կիրակի վաղ առավոտյան սպանությունից ժամեր անց հրապարակված տեսախցիկների կադրերը ցույց են տալիս, որ մի տղամարդ, ով ենթադրաբար Զամբոնիսն է, նստում է զրահապատ BMW-ն, որը կայանված էր Աթենքի Նեոս Կոզմոս շրջանում իրեն պատկանող բենզալցակայանի մոտ:

Հետո BMW-ի հետևից մեկ այլ մեքենա է կանգնում: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է, որ դա կեղծ պետհամարանիշներով Lexus է, որը գողացվել էր Իտալիայում մի քանի ամիս առաջ:

Երկու տղամարդ AK-47-ով կրակել են Զամբոնիսի վրա, ապա նույն Lexus-ով փախել:

Ավելի ուշ այրված մեքենան, որով փախել են մարդասպանները, ոստիկանները հայտնաբերել են Աթենքի ծայրամասում։

Սպանության դաժանությունը զգալի ուշադրություն է գրավել Հունաստանում, հատկապես այն պատճառով, որ այն նկարահանվել է CCTV-ով և շուտով հեռարձակվել հունական հեռուստատեսությամբ:

Հաջորդ օրը ծառայողական գաղտնիքը խախտելու և կադրերը լրատվամիջոցներին տրամադրելու համար ձերբակալվել է երկու ոստիկան։