2018-ին սրտի կաթված ունեցած պացիենտների 84.6 տոկոսը ավելորդ քաշ է ունեցել, 69.2 տոկոսը՝ խոլեստերինի բարձր ցուցանիշ, իսկ 46.2 տոկոսը ծխել է: Այս ամենը հաջողվել է պարզել սրտամկանի սուր կաթվածի համաճարակաբանական վերահսկման ծրագրի ընթաքցում, որի մասին լրագրողներին հայտնեցին Հիվանդությունների պրոֆիլակտիկայի եւ վերհսկողության կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը եւ նույն կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը:
Ծրագիրը Հայաստանում ներդրվել է 2015-ին եւ դրա շրջանակում բժշկական կենտրոններում պարզում եւ վերլուծում են իրենց մոտ սրտի կաթվածով հայտնված պացիենտների ռիսկի գործոնները:
2015-ին ըստ հավաքված տվյալների, ռիսկի առավել արդիական գործոններն են եղել ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը (կաթվածով հիվանդների 61 տոկոսը սակավաշարժ է եղել), խոլեստերինի բարձր մակարդակը (60 տոկոս), ծխելը (37 տոկոս) եւ ավելորդ քաշը (24.6 տոկոս): Բացի այդ կաթվածով հիվանդների 65 տոկոսը մինչեւ կաթվածը սթրես կամ դեպրեսիա է ապրել:
Սակայն սթրեսն ըստ մասնագետների, ինքնուրույն չի կարող սրտի կաթվածի հանգեցնել, այն համարվում է միայն նպաստող գործոն, որը բարձրացնում է կաթվածի հավանականությունը ռիսկի այլ գործոնների առկայության դեպքում, որոնք սովորաբար կապված են անառողջ ապրելակերպի հետ:
Հետաքրքիր է, որ 2018-ին իրավիճակը մի փոեքր փոխվել է: Եթե երեք տարի առաջ ավելորդ քաշը կաթվածով մարդկանց միայն 24 տոկոսի մոտ էր, ապա այժմ այդ ցուցանիշն բարձրացել է մինչեւ 84.6 տոկոս:
Կաթված ունեցած պացիենտերի թվում ծխողները նույնպես ավելացել են՝ 46.2 տոկոս: 69.2 տոկոսի մոտ խոլեստերինի բարձր մակարդակ է եղել, իսկ 53.8 տոկոսը քիչ է շարժվել: Սթրեսը եւ դեպրեսիան անհանգստացրել է պացիենտների 63.5 տոկոսին:
Սրտի կաթվածների ռիսկի զարգացման գլխավոր գործոնները, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, կապված են անառողջ ապրելակերպի հետ՝ հիպոդինամիայի, ծխելու, ինչպես նաեւ ավելրոդ քաշի եւ հիպերլիպեդեմիայի հետ, որոնք որպես կանոն, կապված են սխալ սնվելու եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայության հետ:
Ռիսկի այս բոլոր գործոնները վերահսկելի են համարվում, դրանք կարելի է բացառել կյանքից՝ դրանով իսկ նվազեցնելով սրտի եւ գլխուղեղի կաթվածների եւ շատ այլ հիվանդությունների զարգացման ռիսկը:
0Comments