Մարտի 16-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կարմրուկի 2,3 հազար դեպք։ Վերջին տվյալները լրագրողներին է հայտնել Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Jnews-ի փոխանցմամբ, Վրաստանում կարմրուկի համաճարակ է: Կառավարությունն որոշում է կայացրել այս տարի կարմրուկի դեմ անվճար պատվաստումներ անցկացնել՝ Վրաստանի բոլոր քաղաքացիների համար: Վարակի տարածումը կանխելու համար՝ Վրաստանում պլանավորված պատվաստումները հունվարի 1-ից պարտադիր էին դարձել, այդ թվում` կարմրուկի պատվաստումը:
«Նման արագ աճ, ինչպես հունվար-փետրվարին էր, այլևս չկա: Հունվարի 19-ից ի վեր, ավելի քան հարյուր հազար մարդ պատվաստվել է կարմրուկի դեմ, ինչը լավ է, բայց կարմրուկի տարածումը կանխելու համար հարկավոր է պատվաստել ևս 250 հազար մարդու: Հիմնական կոչը շարունակում է մնալ ուժի մեջ՝ բոլոր մարդիկ, ովքեր չեն հիշում, որ կարմրուկ ունեցել են թե ոչ, և նրանք պատվաստվել են մանուկ հասակում, թե` ոչ, անպայման պետք է պատվաստվեն», – հայտարարել է Գամղրելիձեն:
Մասնագետը հաստատել է, որ երկիրն ունի բավարար քանակությամբ որակյալ պատվաստանյութ, որն առաջարկվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Գամղրելիձեն խրախուսում է բոլոր ծնողներին ստուգել իրենց երեխաների պատվաստման ժամանակացույցը: Այն դեպքում, երբ երեխային մեկ և հինգ տարեկան հասակում երկու անգամ չեն պատվաստել, նրանք պետք է անպայման պատվաստվեն:
Գամղրելիձեի կարգադրությունն ուղարկվել է հանրային առողջապահական կենտրոններ, որտեղ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարը կոչ է անում բժշկական անձնակազմին ակտիվորեն հիշեցնել քաղաքացիներին պատվաստվելու անհրաժեշտության մասին, հատկապես խոսքը վերաբերում է 20-40 տարեկան հասակային խմբին, ովքեր հաստատ չգիտեն, թե նախկինում պատվաստվել են, թե ոչ:
0Comments