Իսրայելական ուժերը հարձակումներ են իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափի մի քանի քաղաքների ու գյուղերի վրա, ինչպես նաև հարվածներ հասցրել Գազայի հատվածին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Արևմտյան ափի Նաբլուս քաղաքում բախումներ են սկսվել տեղի երիտասարդների հետ, որից հետո Իսրայելի բանակը լրացուցիչ ռազմական ուժեր է ուղարկել քաղաք:
Ջենին քաղաքում իսրայելական ռազմական ուժերը ներխուժել են տներ և մզկիթներ։ Բացի այդ, Թուլկարմ քաղաքից արևելք գտնվող Նուր Շամս ճամբարում ավերել են բազմաթիվ տներ: Իսրայելական հարձակումների պատճառով ճամբարից մեծ թվով բնակիչներ են հեռանում։ Բռնի տեղահանվածների թիվը գերազանցել է 9000-ը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հավաստիացրել է Հորդանան գետի Արևմտյան ափի բնակիչներին, որ իրենք պետք է գործեն ճիշտ այնպես, ինչպես գործել են Գազայում՝ տարհանելով բնակիչներին, մաքրելով տարածքը և ոչնչացնելով «ահաբեկչական ենթակառուցվածքը»։
Իսրայելական բանակը նաև օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի արևմուտքում գտնվող Թել ալ-Սուլթան շրջանի ուղղությամբ։ Հաղորդվում է մարդկային կորուստների և նյութական վնասների մասին։ Զոհերի կամ վիրավորների հստակ թիվը չի նշվում։
Ավելի վաղ Գազա քաղաքի արևելքում իսրայելական անօդաչուի հարվածից երեք մարդ էր զոհվել։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 48 446-ի, իսկ վիրավորներինը՝ 111 852-ի։
Իսրայելը ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների հարձակման, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250-ը։ Կողմերի միջև հունվարի 19-ից գործում է հրադադարի համաձայնագիր։
0Comments