Իսրայելական ուժերը անորոշ ժամանակով կմնան Լիբանանի հետ սահմանին. Իսրայելի ՊՆ

Մանրամասներ
իսրայել

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է, որ իսրայելական ուժերը «անորոշ ժամանակով կմնան» Լիբանանի հետ սահմանի երկայնքով բուֆերային գոտում, և որ նրանց տեղակայումն այնտեղ «կախված է իրավիճակից»։ Բացի այդ, նախարարը հավելել է, որ իսրայելական ուժերը նաև կմնան Գազայի և Եգիպտոսի միջև ընկած հատվածում, այսպես կոչված, «Ֆիլադելֆիական միջանցքում»։ Այս մասին հայտնում է Asharq al-Awsat-ը։

Իսրայելցի պաշտոնյայի խոսքով` իրենք ԱՄՆ-ից ստացել են «կանաչ լույս», և ուժերի այնտեղ մնալը կախված է իրավիճակից, ոչ թե ժամանակից։

Իր հերթին ՀԱՄԱՍ-ը քննադատել է Իսրայել Կացի հայտարարությունները Գազայի և Եգիպտոսի միջև ընկած հատվածը բուֆերային գոտի դարձնելու մասին՝ «համարելով այն  հրադադարի համաձայնագրի ակնհայտ խախտում»։

Հայտարարությունում ընդգծվում է ՀԱՄԱՍ-ի լիակատար հավատարմությունը հրադադարի համաձայնագրին և համաձայնագրի երկրորդ փուլի համար բանակցություններ վարելու պատրաստակամությունը, և կոչ է արվում միջնորդներին, միջազգային հանրությանն անհապաղ և լուրջ քայլեր ձեռնարկել՝ Իսրայելին «ստիպելու հարգել համաձայնագիրը»: ՀԱՄԱՍ-ը նաև հերքել է Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարությունները հրադադարի ընթացքում զինվորների և բնակավայրերի վրա հարձակումներ իրականացնելու մասին։

«Ֆիլադելֆիական միջանցքը», որը նաև հայտնի է որպես «Սալահ ադ-Դին միջանցք», սահմանային գոտի է, որը տարածվում է 14,5 կիլոմետր՝ Միջերկրական ծովից մինչև Պաղեստինի տարածքում գտնվող Քերեմ Շալոմ անցումը: Այն համարվում է բուֆերային գոտի՝ 1979 թվականին Եգիպտոսի և Իսրայելի միջև ստորագրված Քեմփ-Դեյվիդի համաձայնագրով։