Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հրաժարվեց մեկնաբանել մամուլի լուրերը, թե Գյումրիում օրերս տեղի ունեցած դանակահարության գործով կասկածյալն իր փեսան է՝ Հովհաննեսը։
«Գնացեք՝ դատաիրավական համակարգին հարցրեք, ամեն ինչ պարզ կլինի ձեզ համար։ Ղուկասյան Վարդանի անունն ինչո՞ւ եք հոլովում, ես 100 հատ փեսա ունեմ, հիմա էս քաղաքում մեր բարեկամներն էնքան շատ են, որ ամեն ինչում իմ անունը պիտի հոլովե՞ք։ Յուրաքանչյուր չափահաս մարդ իր տեղն է պատասխանատու, իմ անունն ինչո՞ւ եք արծարծում։ Երկիրը կանգնած է պատերազմի առջեւ, ընկել եք ինչերի հետեւից»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԲՀԿ–ական պատգամավորը։
Դեպքի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն պատգամավորը հրաժարվեց տալ։
Հիշեցնենք, որ մարտի 9-ին Գյումրի քաղաքի բնակիչ Գևորգ Պետրոսյանը հիվանդանոց էր տեղափոխվել որովայնի շրջանում «կտրած ծակած վերք» ախտորոշմամբ։ Ոստիկանությունը պարզել է, որ Գ. Պետրոսյանի հետ վիճաբանությունը տեղի է ունեցել Գյումրիի Գորկու փողոցում գործող «Կառոնա» վաճառատան դիմաց, և այդ ժամանակ նաև «կտրված վերք, աջ դաստակի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Սահմանապահների փողոցի բնակիչ, 17-ամյա Հովհաննես Խանչերյանը:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` դանակահարողը եղել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան` Հովհաննեսը, որին իրավապահները փնտրում են:
0Comments