Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ Հայաստանի վարած «բալանսավորված և բալանսավորման» քաղաքականության մասին, ըստ էության նախընտրական «բուկլետային» տեքստ է, այն իմաստով, որ այդ տեքստը թերևս տեղ կգտնի նրա նախընտրական ծրագրում:
Ընդհանուր սկզբունքի իմաստով, կարծում եմ անվիճելի է, որ Հայաստանը պետք է իրականացնի հավասարակշռման քաղաքականություն: Սակայն, այստեղ կա երկու էական հանգամանք:
Նախ, բալանսավորումը շատ հաճախ ընկալվում է «հավասարության» տրամաբանության մեջ: Պայմանական ասած՝ 5-5-5-5 , կամ 3-3-3-3: Քաղաքականության, պետական արտաքին հարաբերությունների հարցում բալանսը որևէ կապ չունի հավասարության հետ: Ավելին, բալանսը «անհավասարության օբյեկտիվ իրողություններն ու անհրաժեշտությունները» կառավարելու մեխանիզմն է: Որևէ պետություն երբեք չի կարող նույնական հարաբերություն ունենալ այլ պետությունների հետ: Հետևաբար, բալանսավորված քաղաքականության իրական չափիչն այն է, թե որքանով է այդ քաղաքականությունը կարողանում հմտորեն կառավարել օբյեկտիվ անհավասարությունները:
Այդ տեսանկյունից, շատ ավելի գործնական է հնչում Նիկոլ Փաշինյանի մեկ այլ ձևակերպում, որ նա արել է ամիսներ առաջ, այն մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է «մղվի» ռեգիոնալ իրողություններից:
Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի այդ ձևակերպումը հայտնագործություն չէ, որովհետև Հայաստանն անկախությունից ի վեր և մինչև 2018 թվականը վարել է հենց ռեգիոնալ իրողությունների մղվող արտաքին քաղաքականություն:
Անշուշտ, այստեղ այլ հարց է, որ ռեգիոնալ իրողությունները իրենց հերթին բնականաբար կրում են աշխարհաքաղաքական իրողությունների ազդեցությունը և ենթարկվել են այս երեք տասնամյակի ընթացքում էական թե´ այսպես ասած բաց, թե´ ստորջրյա տրանսֆորմացիաների, հետևաբար, այդ իրողությունները ժամանակի ընթացքում սկսլ են փոխվել և Հայաստանի խնդիրն է եղել կառավարել այդ փոփոխությունները, չունենալով դրանց պատճառների վրա վճռորոշ ազդեցություն»:
0Comments