Ամերիկյան ՀՕՊ-ը «Օրեշնիկը» խոցելու հնարավորություն չունի. Պուտինը փորձարկում է առաջարկում

Մանրամասները՝ տեսանյութում
պուտին

Ամերիկյան ՀՕՊ համակարգերը «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռը խոցելու հնարավորություն չունեն։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` մեկնաբանելով որոշ արևմտյան փորձագետների պնդումներն այն մասին, թե «Օրեշնիկը» հին, խորհրդային սպառազինության մոդիֆիկացիա է։

Պուտինի խոսքով՝ «Օրեշնիկը» ժամանակակից և արդյունավետ համալիր է, որը կարող է հաղթահարել ՀՕՊ-ն ու հավանական հակառակորդի հակահրթիռային պաշտպանությունը։

«Օրինակ` եթե խոսենք ամերիկացիների կողմից Ռումինիայում և Լեհաստանում տեղակայված հակահրթիռային պաշտպանության համակարգերը, ապա այդ հրթիռների որսման առավելագույն հեռահարությունը կազմում է 1000 կիլոմետր, իսկ բարձրությունը՝ 500 կմ: Մասնավորապես, խոսքը Լեհաստանում տեղակայված համակարգերի մասին է»,– ասաց ՌԴ նախագահը։

Նա նշեց` «Օրեշկինի» հեռահարությունն ավելի մեծ է։ Եվ եթե այն տեղադրվի կասեցման գոտուց 2 հազար կիլոմետր հեռավորության վրա, ապա Լեհաստանում եղած հակահրթիռները պարզապես չեն հասնի դրանց։

«Թող արևմտյան փորձագետները Կիևում «Օրեշնիկի» խոցման օբյեկտ առաջարկեն, այնտեղ կենտրոնացնեն իրենց ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության բոլոր ուժերը, իսկ մենք հարվածենք «Օրեշնիկով» և տեսնենք, թե ինչ կլինի։ Մենք պատրաստ ենք նման փորձի։ Դա կլինի բարձր տեխնոլոգիական մենամարտ»,- հավելեց Ռուսաստանի նախագահը։

Պուտինը կարծում է, որ այդ մենամարտին հետևելն օգտակար և հետաքրքիր կլինի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերին, ի պատասխան արևմտյան զենքի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում Ուկրաինայի զինված ուժերի հարվածների, Ռուսաստանը ոչ միջուկային հիպերձայնային սարքավորումներով հագեցած «Օրեշնիկով» հարված հասցրեց Դնեպրոպետրովսկում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությանը: Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ մոտ ժամանակներս պետք է ապահովվի նման համալիրների սերիական արտադրությունը՝ Ռուսաստանի և դաշնակիցների անվտանգությունը պաշտպանելու համար: