ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Քննարկման թեման եղել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
«Պետքարտուղար Բլինքենը քննարկել է ԱՄՆ-Թուրքիա տարածաշրջանային ուժեղ համագործակցությունը և մեր ընդհանուր շահը՝ աջակցելու սիրիացիների գլխավորությամբ և սիրիացիների մասնակցությամբ քաղաքական անցմանը՝ ունենալու հաշվետու և ներառական կառավարություն: Նա վերահաստատել է Սիրիայում բոլոր դերակատարների կողմից մարդու իրավունքները հարգելու, միջազգային մարդասիրական իրավունքը պահպանելու և խաղաղ բնակիչներին, ներառյալ փոքրամասնությունների անդամներին պաշտպանելու համար հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկելու կարևորությունը», – նշված է հաղորդագրության մեջ։
Բլինքենը նաև ընդգծել է բոլոր կարիքավորներին հումանիտար օգնության մատակարարումը հեշտացնելու կարևորությունը։
ԱՄՆ պետքարտուղարը նաև անհրաժեշտ է համարել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիան «շարունակի իրականացնել իր առաքելությունը»։
Էրդողանը և Բլինքենը քննարկել են նաև Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու անհրաժեշտությունը՝ ապահովելով պատանդների վերադարձը և պաղեստինցիներին հումանիտար մատակարարումները։
Թուրքիայի նախագահի՝ հասարակայնության հետ կապերի վարչությունը հանդիպման մասին հայտնել է, որ Էրդողանն ի սկզբանե հանդես է եկել Սիրիայի տարածքային ամբողջականության, միասնության և ունիտար կառուցվածքի օգտին։ Միևնույն ժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կանխարգելիչ միջոցներ կձեռնարկի Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ հանում սեփական ազգային անվտանգության։
0Comments