«Փաստ» օրաթերթը գրում է.
«Շատ ակտիվ, աշխույժ, խելացի երեխա էր Դավիթս: Երկու տարեկանում արդեն ամեն ինչ գիտեր: Մեծի նման երգում էր, արտասանում: Շփվող էր: Վեց տարեկանը չէր լրացել, երբ սկսեց դպրոց հաճախել: Կարողանում էր և՛ դաս լսել, և՛ խոսել: Երբ իրեն հարցնում էի, թե ինչո՞ւ է խոսում դասի ժամանակ, արձագանքում էր՝ չեմ հասցնում դասամիջոցի ընթացքում խոսել երեխաների հետ: Բայց երբ ուսուցիչն իրեն հարցեր էր տալիս, բոլոր հարցերին պատասխանում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինան՝ Դավիթի մայրիկը:
Դավիթը տան ավագն է, կրտսեր եղբայր ունի՝ Ռոբերտը: Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրը նշում է՝ որդին դպրոցն ավարտել է կարմիր վկայականով: «Սիրում էր Մաթեմատիկա և Ռուսաց լեզու առարկաները: Տասը տարեկանից հաճախել է պարի՝ բրեքդանսի, լողի խմբակ: Ֆիզիկապես շատ ուժեղ էր»: Դավիթը մասնակցել է բազմաթիվ մրցույթների, ստացել բազում մրցանակներ: 2015 թ.ին ընդունվել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի «Ֆինանսներ» բաժինը: Այն ևս ավարտել է գերազանցության վկայականով: Միաժամանակ ուսումնասիրել է ծրագրավորման լեզուներ: Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» բաժինը՝ երկրորդ կուրս: Մեկ կիսամյակ հասցրել է ուսանող լինել:
«Իրեն հետաքրքիր էր նաև ծրագրավորումը: Ծառայելու ընթացքում համակարգչի հետ կապված ամեն ինչ անում էր, գծագրեր էր գծում, տեքստեր հավաքում, իր մոտ ամեն ինչ շատ արագ էր ստացվում»: 2019 թ.-ի հունվարի 12-ին Դավիթը զորակոչվել է բանակ: Վեց ամիս ծառայել է Երևանի կապի ուսումնական զորամասում։ Ստացել է կրտսեր սերժանտի կոչում, այնուհետև, որպես կապի ջոկի հրամանատար, ծառայությունը շարունակել է Ստեփանակերտի ՊԲ-ի 8-րդ պաշտպանական շրջանի (ЦОР) զորամասում: Ծառայության ընթացքում արժանացել է սերժանտի կոչման: Պարգևատրվել է նաև «Լավագույն մարզիկ» կրծքանշանով։ «Երբեք չի երկմտել բանակում ծառայելու հարցում: Եղբայրս Իսպանիայում է, երբ տղայիս առաջարկում էի՝ կարո՞ղ է իր մոտ գնաս, չծառայես, Դավիթն արձագանքում էր. «Բացառվում է, կծառայեմ, կվերադառնամ, հետո արդեն կգնամ Իսպանիան տեսնելու»: Ծառայության ընթացքում բացարձակ չի նեղվել: 2019 թ.-ի հունիսի 27-ին ռեկորդ է սահմանել՝ 35 վայրկյանում 68 անգամ կատարելով հենում-ծալում ձեռքերի ափերի վրա (ժիմ): Ռեկորդը գրանցվել է «Դյուցազնագրքում»»:
0Comments