Մարտի 22-ին կլրանա ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբելյանի մահվան 4-րդ տարելիցը։ Անկասկած, նրա բացակայությունը զգում են կինոյի և թատրոնի նրա գործընկերները։ Ջանիբեկյանը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում, բազմաթիվ դերերով հանդես է եկել հեռուստաթատրոնում։ Նրա ֆիլմերի ցանկը կլրացվեր ևս մեկով՝ «Թողություն», սակայն...
Ֆիլմն ավարտին չի հասել՝ նկարահանումները դեռ ընթացքի մեջ էին, երբ մահացել է Կարեն Ջանիբեկյանը: Ֆիլմը կունենա շարունակություն, բայց արդեն առանց Ջանիբեկյանի։ Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը Panorama.am-ին պատմեց, որ Կարեն Ջանիբեկյանը ֆիլմում մեծ կտորներ ուներ խաղալու Ֆրանսիայում։
«Մենք պետք է իրեն տեղափոխեինք Ֆրանսիա նկարահանումները շարունակելու համար, բայց ֆիզիկապես հնարավոր չէր դա անել։ Նա կգար Ֆրանսիա, ուղղակի բժիշկները խորհուրդ չտվեցին»,- ասաց Հ. Գալստյանը։
Պրոդյուսերի խոսքով, վերանկարահանելու են Կարեն Ջանիբեկյանի տեսարանները. «Ցավոք սրտի, հնարավոր չէ այլ կերպ։ Ես վաղուց երազում եմ աշխատել դերասան Վիգեն Ստեփանյանի հետ։ Չի բացառվում, որ հենց նրան հրավիրեմ, բայց այնպես կանեմ, որ արտաքին նմանությունը Կարեն Ջանիբեկյանին մոտեցնենք, որ գոնե 1-2 կադր թիկունքից հնարավոր լինի պահենք Ջանիբեկյանին որպես հիշատակ, որպեսզի միստիկական իր ներկայությունը ֆիլմում մնա»։
Հովհաննես Գալստյանն ասաց, որ «Թողություն» ֆիլմից առաջ Կարեն Ջանիբեկյանը խաղացել է ռեժիսոր Մարինե Զաքարյանի՝ Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանած «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմում։ Ֆիլմը նկարահանվել է 2014 թվականին։
Հ. Գալստյանի բնութագրմամբ, Կարեն Ջանիբեկյանը շատ արժանապատիվ մարդ էր, պրոֆեսիոնալ դերասան. «Նույնիսկ երբ որ հիվանդությունը խեղդում էր իրեն, միևնույն է, երբ նկարահանումները սկսվում էին, շատ արագ կերպարանափոխվում էր, մտնում էր այն կերպարի մեջ, որը որ անհրաժեշտ էր իրեն։ Անզիվ, շիտակ, ուղիղ մարդ էր մեծ բարոյականության կոդեքսով։ Ինքը գիտեր՝ ինչն է իր համար սև, ինչը սպիտակ, լղոզված մարդ չէր, հստակ սկզբունքների տեր մարդ էր։
Շատ բարձրակարգ դերասան էր, ընկալում էր այն, ինչ անհրաժեշտ էր։ Զրուցում էինք իրար հետ, անում էր այն, ինչ անհրաժեշտ էր, ավելի լավ քան, քան կմտածեի ես»։
Նա ասաց, որ շատ հեշտ էր նրա հետ աշխատելը, երբեք «կապրիզներ չի բանացրել»։ Հիշեց. «Նկարահանումների հրապարակում էինք։ «Հայֆիլմից» տեխնիկան չուղարկեցին, բայց նույնիսկ ցույց չտվեց, թե հիվանդ-հիվանդ եկել, հասել եմ այստեղ, մենակ ասաց՝ ով է մեղավորը, հեռախոսի համարը տուր զանգեմ, դրան նախշեմ։ Հայհոյանքով էր էլի ասում։ Բայց ոչ մի բան չասաց, սուսուփուս գնաց տուն, հաջորդ օրը եկավ նկարահանման»։
Հ. Գալստյանի խոսքով, նկարահանումների կարոտ ուներ. «Հիվանդ եկավ, հասավ Սևան, Լոռի։ Որտեղ որ նկարահանումներ էին, որ օրը ասում էինք՝ հասնում էր առանց տրտնջանքի։ Որ ասեիր Մասիսի գլխին էլ պետք է նկարել, վեր կկենար ու կգար»։
Կարեն Ջանիբեկյանի անավարտ ֆիլմը
Որ ասեիր Մասիսի գլխին էլ պետք է նկարել, վեր կկենար ու կգար
0Comments