Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նոյեմբերի 4-ին չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այցի ծրագրում, ըստ նախնական տվյալների, հանդիպումներ են լինելու ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև համատեղ մամուլի ասուլիս Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Այդ մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Բերբոքը Կիև է ժամանել վաղ առավոտյան հատուկ գնացքով. նրա ներկայիս այցն ի սկզբանե գաղտնի էր պահվում անվտանգության նկատառումներով: Սա արդեն Բերբոքի ութերորդ այցն է Ուկրաինա Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր: Վերջին անգամ Գերմանիայի արտգործնախարարն Ուկրաինա էր ժամանել 2024 թ. մայիսին։
«Ամբողջ աշխարհի բազմաթիվ գործընկերների հետ միասին Գերմանիան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին։ Մենք ուկրաինացիներին կաջակցենք այնքան ժամանակ, քանի դեռ մեր նրանք կարիքն ունեն, որպեսզի կարողանան շարունակել իրենց ճանապարհը դեպի արդար խաղաղություն», – Կիև ժամանելուց հետո ասել է Բերբոքը։
Նրա այցը տեղի է ունենում այն հաղորդագրությունների ֆոնին, որ Հյուսիսային Կորեայի զորքերը ժամանել են Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ կռվելու։ Բացի այդ, Բերբոքի այցը տեղի է ունենում ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից մեկ օր առաջ, որոնց ելքը շատ կարևոր է Ուկրաինայի համար։
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կկրճատի Ուկրաինային օգնությունը, ինչն, ըստ Deutsche Welle-ի, նշանակում է, որ Գերմանիան և եվրոպական մյուս երկրներն ավելի մեծ պատասխանատվություն կստանձնեն Ուկրաինային աջակցելու համար։
0Comments