«Գնալու են Բաքու. Ադրբեջանն այնպես է անելու, որ հայ ազգի աչքը 100 տարի վախի մեջ լինի». Թևան Պողոսյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանությունները գնալու են Բաքու՝ մասնակցելու COP-29-ին:

«Ձևական ասում են՝ չեն գնալու, որոշում չկա, բայց ինձ թվում է՝ որոշումը կա, ամեն ինչը կա, պայմանավորվել են երևի, որ մի քանի ռազմագերի էլ կվերադարձնեն, ոչ բոլորին: Իրենք էլ անպայման Բաքու են գնալու: Այն տոնայնությամբ, այն վարքագծով, որ ասում են՝ ոչ, եթե համեմատում եմ նախկին բոլոր ասածներին, որ սկզբում նույն ոճով ոչ են ասել, բայց հետո ստացվել է, որ արել են, հիմնվում եմ փորձի վրա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ նկատելով՝ միջազգային հանրությունն էլ այդքան միամիտ չէ, որ այսքան բարձրաձայնում է COP-29-ին ընդառաջ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի թեման:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ապա, իմ պատկերացմամբ՝ այնտեղ լինելու է դատ, այդ դատի ժամանակ այնպես են ճնշումային իրավիճակներ անելու, որ հայ ազգի աչքը 100 տարի ապագայի իմաստով վախի մեջ լինի՝ երբևէ այդ թեմաներով խոսել: Էլ չեմ ասում, թե այսօրվա եղած և՛ բարոյահոգեբանական ճնշումների գործիքներով, և՛ քիմիական տարբեր ներազդեցություններով ինչ ասես կարող են անել, իրենցից ստանան և պոկեն: Երբ ավարտի իր բոլոր պատկերացումները, ինչ-որ մի երկրի վրա կվաճառի, չեմ էլ զարմանա, որ պահանջ կդնի՝ Հայաստան չվերադառնան այդ մարդիկ: Ում հետ Ադրբեջանը խնդիր կունենա, բայց կցանկանա, որ այդ երկիրն իր համար ինչ-որ բան անի, միգուցե հենց ինքը կնախաձեռնի, թե՝ ուզում ես՝ նամակ գրիր, մենք էլ բարեգթություն անենք, այդ մարդկանց ձեզ տանք: Կներեք, որ այդ բառն եմ ասում, բայց Ադրբեջանը վաճառելու է, ինչպես բացատրեցին, որ COP-29-ը իր մոտ անցկացնելու համար վաճառել է այսքան ռազմագերի Հայաստանին»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը՝ գերիների առումով Ադրբեջանը վարվում է այնպես, ինչպես ասել էր Էրդողանի կինը, նա արձագանքեց. «Բնականաբար, մենք լավագույն փորձն ունենք 1991-94 թվականների. Նույնիսկ այն ժամանակ մեր ազգային հերոսներին, որոնք միգուցե դեռ հայտնի անուններով չէին, բայց նոր-նոր էին ստեղծվում, գերի էին վերցնում, բայց փոխանակման գաղափարն այն էր, որ մենք գնում՝ ավելի շատ գերի էինք վերցնում և փոխանակում էինք: Դրա համար այդ մարդկանց մեջ կար նաև վրեժի, փոխհատուցման զգացում: Հետո ավելի հերոս էին դառնում, նույն Սամվել Բաբայանը կամ Արշավիր Ղարամյանը, որոնք անցել են այդ դաժան բաներով: Այսօրվաններին գերի են վերցնում, որ Էրդողանի կնոջ ասած՝ վաճառեք, ձեր ուզածը ստացեք: Ադրբեջանը որտեղ հասկանում է, որ կարող է մի բանով շահել, ինքը դա օգտագործելու է, բայց դրա մասին մենք բոլորս լսել ենք, բայց 4 տարվա մեջ որևէ բան չենք արել»:

Թևան Պողոսյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները մտածում են միայն իշխանությունը պահելու մասին. «Մենք պետականության ինստիտուտներ ունե՞նք այսօր: Ասում են՝ Դատախազությունը պետք է լինի անկախ, բայց պարզվում է՝ դատախազի տեղակալը քաղաքական թիմի անդամ է. շատ ունիկալ ձևակերպումների մեջ են: Ոչ մեկի անձնական դաշտի մեջ չեմ ուզում մտնել, դրա համար փորձում եմ ոչ թե անուններով, այլ ինստիտուցիոնալ մոտեցմամբ խոսել: Արժեքային համակարգ չկա, պետական ինստիտուտներ չկան, հանրության համար խնդիրն այսօր դա չէ՝ կտան, թե չեն տա, Կիրանցում ինչ վիճակ է. մեկը կասի՝ կիրանցցին այսօր ամենաերջանիկն է, մյուսը կասի՝ Կիրանցում շատ վատ է, ո՛չ մեկն է մարդկանց հետաքրքրում, ո՛չ մյուսը: Մենք միմյանց հանդեպ ո՛չ հոգատարություն ունենք, ո՛չ իրար ցավ հասկանալ ունենք, մենք իրար զգալու զգացումն ենք կորցրել: Դրա համար, ես չգիտեմ՝ ունե՞նք հանրություն, թե՞ ոչ, եթե չունենք, ինչի՞ մասին է խոսքը»:

Ըստ նրա՝ մարդկանց զգալի մասը չունի պետականության զգացում. «Պետականություն ունեցող մարդկանց չեն բացատրում՝ հարկեր վճարե՞լ, թե՞ ոչ: Այն, ինչ բոլորս պետք է անենք, ասում են՝ ով հարկ է վճարում՝ հերոս է. ծիծաղելի է: Այն ժամանակ բանակ գնացող մարդիկ հերոս էին, բա ինչո՞ւ զինվորներին հերոս չեն ասում: Այն մարդիկ, որոնք կյանք են տվել այս հայրենիքի համար, հերոս են, բա ինչո՞ւ հերոսի նման չեք վերաբերվում «Եռաբլուրին», նկարներին էլ գնում՝ ներկ եք լցնում: Դա հասարակության բա՞ն է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում