Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Մայքլ Քարփենթերը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված հոդվածների հիման վրա և շարունակելու հետագա քննարկումները: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի փոխվստահությանը և դրական ազդակ կհաղորդի մյուս հարցերի քննարկման ու համաձայնության հասնելու գործին:
Մայքլ Քարփենթերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի նպատակադրումն ու քայլերը՝ ի նպաստ խաղաղության ու կայունության հաստատման, կարևորել սահմանազատման գործընթացն ու կանոնակարգի ստորագրումը, շեշտել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Մայքլ Քարփենթերն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ համագործակցության երկկողմ օրակարգին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:
0Comments