Երբեք չպետք է սիրախաղ անել ուրիշների հետ՝ զուգընկերոջ մոտ խանդ առաջացնելու նպատակով

Մանրամասներ
ծիտ

Փորձագետները զգուշացնում են, որ սիրախաղ սկսելով ուրիշների հետ՝ հարաբերություններում կրակը բորբոքելու համար, կարող է վատ հետեւանքներ ունենալ:

Թել Ավիվի Ռայխման համալսարանի գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որոնք հրապարակվել են The Journal of Sex Research-ում, որպեսզի հասկանան, թե ինչպես են մարդիկ արձագանքում, երբ ինչ-որ մեկը հետաքրքրություն է ցուցաբերում իրենց զուգընկերոջ նկատմամբ:

«Մեր բացահայտումները ընդգծել են, որ զուգընկերների նկատմամբ արտաքին ուշադրությունը կարող է խաթարել հարաբերությունների բարեկեցությունը դրանք խթանելու փոխարեն»,-նշել է Ռայխմանի համալսարանի թիմը: Թեեւ որոշ մարդիկ հաճույք են ստանում՝ տեսնելով, որ իրենց զուգընկերը կորցնում է ինքնատիրապետումը իրենց մի թեթեւ ֆլիրտից, այս վտանգավոր խաղը կարող է ամուսնության խզման պատճառ դառնալ:

Հետազոտությանը մասնակցել է լուրջ հարաբերությունների մեջ գտնվող ավելի քան 500 մարդ։ Նրանց զուգընկերը կա՛մ սիրախաղային առաջարկներ էր ստանում, կա՛մ չեզոք շփվում էր դիմացինի հետ: «Երեք փորձերի ընթացքում մարդիկ իրենց զուգընկերներին ընկալում էին որպես սեռական առումով պակաս ցանկալի, երբ նրանք անցանկալի ուշադրություն էին ստանում ուրիշի կողմից»,-ասվում է հետազոտության մեջ:

Մասնակիցները գնահատել են իրենց սեռական գրավչությունը իրենց զուգընկերոջ նկատմամբ, հարաբերությունների մեջ մնալու հետաքրքրությունը եւ մրցակիցներին դիմակայելու մտքերը:

«Երբ, օրինակ, զուգընկերներին գրավելու հավանականությունը մեծ է լինում, մարդիկ կարող են էմոցիոնալ կերպով հեռանալ իրենց զուգընկերոջից եւ, հետեւաբար, նվազեցնել իրենց ներդրումները հարաբերություններում»,-ավելացրել են հետազոտողները:

«Հակառակ տարածված կարծիքի, ուրիշներից ուշադրություն փնտրելը, կարող է հակառակ ազդեցություն ունենալ»,-գրում են հետազոտության հեղինակները: