Ինսայդերը գաղտնազերծել է Samsung Galaxy S25 Ultra-ի վերջնական դիզայնը

Մանրամասներ
 Samsung Galaxy S25 Ultra

Հայտնի ինսայդեր Ice Universe-ը սոցցանցերում արած իր վերջին գրառումներում գաղտնազերծել է Galaxy S25 Ultra-ի դիզայնի վերջնական տարբերակի և բնութագրերի մասին տեղեկություններ, տեղեկացնում է SamMobile-ը՝ հիշեցնելով, որ Galaxy S25 շարքի սմարթֆոնների պաշտոնական ներկայացումը նախատեսված է երեք ամիս հետո։

Նրա խոսքով՝ Galaxy S25 Ultra տեսախցիկների դիզայնը կնմանվի Galaxy Z Fold 6 տեսախցիկների դիզայնին, ինչը նշանակում է, որ տեսախցիկի ոսպնյակների շուրջը կլինեն շրջանակներ։ Տեսախցիկի դիրքը կմնա նույնը, ինչ Galaxy S24 Ultra-ում:

Նախկին տեղեկությունների համաձայն՝ Galaxy S25 Ultra-ն հետևի հատվածում կունենա չորս տեսախցիկից բաղկացած համակարգ: Այն կներառի 200 ՄՊ հիմնական հետևի տեսախցիկ OIS-ով, 50 ՄՊ գերլայնանկյուն տեսախցիկ՝ ավտոֆոկուսով, 10 ՄՊ հեռաֆոտո տեսախցիկ՝ 3x օպտիկական խոշորացումով և 50 ՄՊ սուպեր հեռաֆոտո տեսախցիկ՝ 5x օպտիկական խոշորացումով։ Սպասվում է, որ հեռախոսը կունենա նաև 12 ՄՊ սելֆի տեսախցիկ, որը նման է Galaxy S24 Ultra-ին:

Բացի դրանից՝ Galaxy S25 Ultra-ն, հավանաբար, կողային մասում կունենա տիտանի շրջանակ, իսկ առջևում՝ Gorilla Glass վահանակ: Նախկինում հրապարակված ռենդերային լուսանկարները ցույց էին տալիս, որ հեռախոսը կունենա կոր անկյուններ, ինչը հակասում է Samsung-ի վերջին երեք տարիների դիզայնի փիլիսոփայությանը: Այս կոր անկյունների շնորհիվ հեռախոսն ավելի հարմարավետ կլինի ձեռքում պահելը, հայտնում է SamMobile-ը։

Սպասվում է, որ հեռախոսը կաշխատի Snapdragon 8 Elite չիպով, որի մասին կհայտարարվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Նախկին տեղեկությունների համաձայն, այն կունենա նաև 12 ԳԲ կամ 16 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ, 512 ԳԲ կամ 1 ՏԲ ներկառուցված հիշողություն: