«Հայկական կողմը պատրաստ է». Վահան Կոստանյանի հարցազրույցը թուրքական Anadolu-ին

Մանրամասներ
վահան Կոստանյան

Հայկական կողմն ուրախ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական դինամիկայով, սակայն կարծում է, որ շատ ավելին կարելի է անել այդ ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը թուրքական Anadolu լրատվական գործակալությանը:

Լրատվական գործակալությունը նշում է, որ Կոստանյանի այս դիրքորոշումը հաջորդում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Նյու Յորքում կայացած հանդիպմանը:

«Մենք ուրախ ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական դինամիկայով, բայց մենք հավատում ենք, որ շատ ավելին կարելի է անել՝ հատկապես, երբ խոսքը հարաբերությունների լիարժեք կարգավորման, սահմանի բացման և դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման մասին է»,–ասել է Վահան Կոստանյանը:

Կոստանյանը Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը գնահատել է բավականին դրական քայլ՝ նկատելով, որ երկու երկրների ղեկավարները միմյանց դիրքորոշումները հասկանալու պատրաստակամություն են ցուցաբերել:

ԱԳ փոխնախարարը հիշեցրել է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության մասին, որը ձեռք էր բերվել 2022 թվականի հուլիսին Վիեննայում:
«Մենք ևս մեկ անգամ վերահաստատել ենք, որ հայկական կողմը պատրաստ է: Մենք կատարել ենք անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքային և տեխնիկական նախապատրաստական աշխատանքները, և մենք պատրաստ ենք անցնել պայմանավորվածության իրականացմանը»,- ասել է հայ փոխնախարարը:

Ըստ Andolu-ի՝ Կոստանյանը լավատեսություն է հայտնել ապագա համագործակցության վերաբերյալ, մասնավորապես Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հարցում: Նրա կարծիքով՝ դա տնտեսական օգուտներ կբերի ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլ նաև ավելի լայն տարածաշրջանին։

«Մենք գիտենք, որ լոգիստիկ շղթաներից շատերը ներկայումս արգելափակված են կամ պատշաճ չեն գործում, և Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար՝ դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա, դեպի Չինաստան»,- ասել է նա՝հավելելով, որ շատ ավելին կարելի է անել, և դա կարելի է անել ավելի արագ:

Նա կրկնել է հայկական կողմի ուղերձը, որը փորձում են հասցնել թուրք տարբեր գործընկերներն. «Գործելու ժամանակը հիմա է: Մենք չպետք է ժամանակ կորցնենք»։