Դրամապանակ կամ փող երբեք չի օրհնվում․ Քահանան՝ Մյուռոնօրհնեքին դրամապանակները օրհնելու երևույթի մասին

Մանրամասներ
4

Դրամապանակ կամ փող երբեք չի օրհնվում, եկեղեցական նման կարգ գոյություն չունի, դա համարվում է սնոտիապաշտություն։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով երեկ  համացանցում տարածված և մեծ աղմուկ հանած տեսանյութին, որտեղ Մյուռոնօրհնեքի արարողության ժամանակ ներկաներից մեկը եկեղեցու սպասավորին է փոխանցում դրամապանակը, որպեսզի այն օրհնեն։   

Նրա խոսքով՝ նման սնոտիապաշտական դրսևորումները մեր ժողովրդի մեջ շատ են, իսկ իրենց ջանքն ու քարոզը նրանում է, որ նման երևույթները վերանան։ 

Թե ինչպիսին է եկեղեցու դիրքորոշումը համացանցում տարածված տեսանյութում կատարվածին՝ Տեր Եսային ասաց, որ Մայր Աթոռն առաջիկայում անպայման կանդրադառնա դրան․ «Այդ պահին ես այնտեղ չեմ եղել, բայց ենթադրում եմ, որ այդքան մադ կար հավաքված, տարբեր իրեր էին տալիս,  ուշադրությունից սպրդել է դրամապանակը և իներցիայով վերցրել են»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը։ 

Նկատենք՝ ամեն դեպքում չկար արգելող ձեռք և խորանին մեկնած գրեթե ամեն բան վերցվում էր խորանի մոտ կանգնած սպասավորների կողմից, ու վերադարձվում՝ իբրև օրհնելով այն, ընդ որում երեկ դրամապանակ օրհնելու մի քանի դեպք նկատվեց նույն տեսանյութում։

Սակայն Տեր Եսայի քահանա Արթենյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ ինքը տեղեկացված է մեկ դեպքի մասին, որը տարածվել է համացանցում, այլ դրվագներ չի նկատել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Մյուռոնօրհնեքի օրն էր, իսկ սեպտեմբերի 29-ին` վերաօծումը` Սուրբ սեղանի օրհնման և Սուրբ պատարագի արարողությունները, որոնց մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած հայեր։