Ուկրաինացիները փորձել են մտնել ՌԴ Բրյանսկի տարածք․ նահանգապետ

Մանրամասներ
ռդ

Ուկրաինացիները փորձել են մտնել ՌԴ Բրյանսկի տարածք օգոստոսի 21-ի երեկոյան, տեղեկացրել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։ Նրա խոսքով՝ Կլիմովյան շրջան ներխուժման փորձ էր կատարել դիվերսիոն-հետախուզական խումբը։ Փորձը կանխվել է։ «Իրադրությունը տեղում կայունացել է եւ գտնվում է տարածաշրջանային օպերատիվ շտաբի վերահսկողության տակ»,- ըստ news,am-ի, հայտնել է Բոգոմազը։

«Два майора» ռուսական թելեգրամ-ալիքը հաստատել է մարտի փաստը։ Մարտը տեղի է ունեցել Զաբրամա ավանի մոտ։ Ռուսական կողմից, ալիքի տվյալներով, պաշտպանվել են ութ սահմանապահ եւ չեչենական «Ահմաթ» հատուկ ջոկատի տասը մարտիկ, ուկրաինական կողմից՝ «առնվազն 20 զինծառայող»։

Զինթղթակից Յուրի Կոտյոնոկը գրել է, որ Բրյանսկի մարզում սահմանը փորձել է անցնել ոչ թե դիվերսիոն-հետախուզական խումբը, այլ «ուժեղացված վաշտը» մի քանի զրահամեքենաներով։ Նրա կարծիքով՝ քաղաքացիական իշխանությունները «փորձում են հանգստացնել» բնակիչներին եւ «Կրեմլի ղեկավարությանը»՝ նվազեցնելով հակառակորդի ուժերի թվաքանակը։

Mash թելեգրամ-ալիքը գրել է, որ ուկրաինացիները մեկ ժամ տարբերությամբ երկու անգամ փորձել են մտնել Բրյանսկի մարզ Զաբրամայում։ Խմբում մոտ 200 մարդ է եղել եւ երեք զրահամեքենա։ Երկու գրոհներն էլ (ժամը 19.10-ին եւ 20-ին) ավարտվել են անհաջող։

Բրյանսկի մարզի Կլիմովյան շրջանը սահմանակից է Ուկրաինային եւ Բելառուսին, այժմ նրա մուտքը փակված է։

Կիեւում իրավիճակը չեն մեկնաբանել, տեղեկացրել է The Moscow Times-ը։