Իրանը որևէ մեկից թույլտվություն չի խնդրի Իսրայելին պատասխանելու համար․ Քանանի

Մանրամասներ
ֆրանսիա իրան դրոշ

Իրանը որևէ մեկից թույլտվություն չի խնդրի սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու իր իրավունքը իրացնելու համար։ Այս հայտարարություն արել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

Օգոստոսի 12-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են արել Իրանին և նրա դաշնակիցներին զերծ մնալ հարձակումներից, որոնք կարող են է՛լ ավելի մեծացնել տարածաշրջանային լարվածությունը և վտանգել զինադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության գալու հնարավորությունը:

«Իսլամական հանրապետությունը վճռական է տրամադրված ինքնիշխանության և ազգային անվտանգության ապահովման, տարածաշրջանային կայունության խթանման և տարածաշրջանում ահաբեկչության և անկայունության իրական աղբյուրի նկատմամբ զսպման հարցում և որևէ մեկից թույլտվություն չի խնդրի իր իրավունքների իրացման համար»,- ասել է Քանանին:

Նա հավելել է` եվրոպական եռյակն իր հայտարարությամբ, որն անգամ մի կաթիլ առարկություն չի պարունակում սիոնիստական ռեժիմի միջազգային հանցագործությունների մասին, լկտիաբար պահանջում է Իրանից պատասխան միջոցներ չձեռնարկել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտող ռեժիմի դեմ:

«Եթե այդ երկրներն իսկապես ձգտում են տարածաշրջանում խաղաղության և կայունության, նրանք պետք է առանց որևէ վերապահման հանդես գան իսրայելական ռեժիմի սադրանքների և հակամարտության հրահրման դեմ, անհապաղ ավարտեն Գազայի հատվածի դեմ պատերազմը և վերջ դնեն Պաղեստինի կանանց, երեխաների և անպաշտպան բնակիչների սարսափելի սպանություններին», – հայտարարել Է իրանցի դիվանագետը: