Օպերային թատրոնն անթույլատրելի է համարում էլեկտրաէներգիայի ընդհատումները. ղեկավար կազմը կդիմի իրավասու մարմիններին

Մանրամասներ
օպերա

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը մատակարարվող էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների հարցը կարգավորելու վրա է հրավիրում պատկան մարմինների ուշադրությունը: 

«Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բալետային ներկայացման ժամանակ տեղի է ունեցել էլեկտրամատակարարող ընկերության կողմից, առանց նախապես ծանուցելու, էլեկտրաէներգիայի մատակարարման հերթական ընդհատումը, ինչի պատճառով այս անգամ եւս դադարեցվել է հերթական ներկայացումը։​

Պարբերական դարձած այս խնդիրը ոչ միայն մեծ անհարմարություն եւ բարոյական վնաս, այլեւ նյութական եւ ֆինանսական մեծ կորուստներ է պատճառում թե՛ թատրոնին իր բնականոն աշխատանքային գործունեության իրականացման հարցում, թե՛ առաջացնում է հանդիսատեսի օբյեկտիվ վրդովմունքը։ Հատկապես երեկ, երբ լեփ-լեցուն դահլիճում հյուրախաղերով հանդես է եկել բալետային հրավիրյալ խումբ արտերկրից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է թատրոնի անձնակազմի տարածած հայտարարության մեջ: 

Հայտարարության հեղինակներն անթույլատրելի են համարում էլեկտրամատակարարող ընկերության՝ պարբերաբար եւ տեւական ժամանակով էլեկտրամատակարարման ընդհատումները, ինչի կապակցությամբ թատրոնը կդիմի իրավասու մարմիններին«Հայցում են հանդիսատեսի ներողամտությունն էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության պատճառած անհարմարության համար, ինչպես նաեւ հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը մատակարարվող էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների հարցը կարգավորելու վրա»,- եզրափակվում է հայտարարությունը: