11:33
Հռոմի պապը Մերձավոր Արևելքում խաղաղության կոչ է արել: Նա խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով և հակամարտության՝ Գազայից և Իսրայելից դեպի այլ երկրներ տարածվելու վտանգով։ Տարածքում տեղի ունեցած ամենավերջին իրադարձությունների ֆոնին պոնտիֆիկոսը հույս ունի, որ դաժան ու արյունալի հակամարտությունն ավելի չի ընդլայնվի: Այս մասին գրում է vaticannews.va կայքը:
«Ռմբակոծությունները, սպանությունները և բռնությունները ոչ մի նպատակի չեն ծառայում: Հարձակումները, սպանությունները երբեք լուծում չեն կարող լինել: Դրանք ոչ թե օգնում են գնալ արդարության, խաղաղության ճանապարհով, այլ ավելի մեծ ատելություն և վրեժխնդրություն են առաջացնում։ Բավակա՛ն է, եղբայրնե՛ր և քույրե՛ր: Բավակա՛ն է, մի՛ խեղդեք Աստծո խաղաղության խոսքը, թող այն լինի Սուրբ Երկրի, Մերձավոր Արևելքի և ողջ աշխարհի ապագան: Պատերազմը պարտություն է», - հավելել է նա։
10:33
Իսրայելը կարող է Իրանին զսպելու համար կանխարգելիչ հարված հասցնել, եթե ունենա հստակ ապացույցներ, որ Թեհրանը պատրաստվում է հարձակման: Այս մասին, ինչպես գրում է timesofisrael.com-ը, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի երեկոյան Իսրայելի անվտանգային կառույցների ղեկավարներին հրավիրել է հանդիպման:
Իսրայելը հստակ չգիտի, թե ինչ սպասել Իրանից և նրա դաշնակիցներից, ուստի քննարկում է տարբերակների լայն շրջանակ, թե ինչպես կարող է լավագույնս արձագանքել կամ կանխել ակնկալվող հարձակումը:
Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Իրանին հարվածելու տարբերակը՝ որպես զսպման միջոց, հաղորդում է Ynet-ը, թեև անվտանգության պաշտոնյաներն ընդգծել են, որ նման քայլը կթույլատրվի միայն այն դեպքում, եթե Իսրայելը ստանա հստակ հետախուզական տվյալներ, որոնք կհաստատեն, որ Թեհրանը պատրաստվում է հարձակվել։
Անհրաժեշտ է նաև, որ իսրայելական հետախուզության տվյալներն այս հարցի վերաբերյալ համապատասխանեն ԱՄՆ հետախուզության տվյալներին, բայց նույնիսկ եթե դրանք համընկնեն, Իսրայելը, այնուամենայնիվ, կարող է կանխարգելիչ հարվածի չդիմել:
9:11
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը G7-ի երկրների արտգործնախարարներին հայտարարել է, որ Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել առաջիկա օրվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է Axios պորտալը՝ իր աղբյուրներին հղումով։
«Բլինկենը G7-ի երկրների իր գործընկերներին ասել է, որ Իրանի և «Հեզբոլլահ»-ի հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել արդեն երկուշաբթի օրը», - ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել են պորտալի աղբյուրները, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարծում է՝ Իրանն ու «Հեզբոլլահ»-ը պատասխան միջոցներ կձեռնարկեն, սակայն «դեռ պարզ չէ, թե պատասխան հարվածն ինչ ձևով կլինի»։ Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրների, Բլինկենը հայտնել է, որ ԱՄՆ-ն չգիտի հնարավոր հարձակման հստակ ժամկետը, սակայն ընդգծել է, որ այն կարող է սկսվել առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։
Բացի այդ, Բլինկենը G7-ի երկրների ԱԳ նախարարներին հայտնել է, որ տարածաշրջանում ամերիկյան զորքերի թվի ավելացումը «բացառապես պաշտպանական նպատակներ» է հետապնդում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ timesofisrael.com-ը հայտնել էր, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից:
Իրանը, նրա լիբանանյան դաշնակից «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում են չորեքշաբթի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Նրա սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հասցրած հարվածից սպանվել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրին: Իսրայելը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Թե՛ Իրանը, թե՛ «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել սպանությունների համար:
Այս համատեքստում Իսրայելի անվտանգության կառույցները գտնվում են «ամենաբարձր զգոնության» վիճակում, իսկ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և արաբական դաշնակից երկրները, որոնք նպատակ ունեն խափանել Իրանի հնարավոր հարձակումները, փորձում են զսպել և կասեցնել դրանք, հաղորդում է իսրայելական Channel 12-ը:
0Comments