Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 3-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ։ Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:
Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների մի շարք բնագավառներում առկա խնդիրները, անդրադարձ կատարել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման, այս ոլորտում կրթության համակարգի ամբողջական վերափոխման նպատակով լայնածավալ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են Ստամբուլյան կոնվենցիայի կարևորությանը և վերահաստատել կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարի իրենց հանձնառությունը:
Պաշտպանն ընդգծել է նաև ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման, գենդերային հավասարության երաշխավորման ոլորտում լուրջ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը, անդրադարձել իր կողմից նշված բնագավառներում կատարած աշխատանքներին, ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդման առանձնահատկությունը` նկատի ունենալով այն, որ վերջինիս շրջանակներում իրավահավասարության և հակախտրականության հարցերը ներկակացված են նոր մեթոդաբանությամբ և ժամանակակից միջազգային չափանիշները նկատի ունենալով։
Պաշտպանը կարևորել է նաև տարբեր կրոնական համոզմունքներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կառուցակարգերը կատարելագործելու անհրաժեշտությունը։
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու փոխգործակցությունը:
0Comments