Գերմանիայի և Ֆրանսիայի առաջին տիկինները սկանդալի կենտրոնում են հայտնվել այն բանից հետո, երբ նրանց լուսանկարել են Հոլոքոստի հուշահամալիր այցի ժամանակ ծիծաղելիս: Այս մասին, Թերթի փոխանցմամբ, գրում է գերմանական Bild թերթը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Գերմանիա կատարած պետական այցի երկրորդ օրը երկու երկրների ղեկավարներն այցելել են Բեռլինի կենտրոնում գտնվող Հոլոքոստի հուշահամալիր։ Մակրոնն ու Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ծաղկեպսակներ են դրել, իսկ Մակրոնը գրառում է թողել հուշամատյանում։
Սպանված հրեաների հիշատակին նվիրված քարե սալերի կողքով անցնելիս՝ պետությունների ղեկավարների կանայք՝ Բրիջիթ Մակրոնը և Էլկե Բյուդենբենդերը, ծիծաղել են։ Թե ինչն է նրանց ծիծաղեցրել, հայտնի չէ, գրում է աղբյուրը։
Պարբերականն առաջին տիկնանց լուսանկարը որակել է «նյարդայնացնող» և նշել, որ նրանց պահվածքը զարմանք է առաջացրել նաև եվրոպական այլ երկրներում։
Սոցցանցերի օգտատերերը նշել են Բրիջիթ Մակրոնի և Էլկե Բյուդենբենդերի կողմից էթիկետի կոպիտ խախտման մասին։
0Comments