Շահրամանյանը չէր կարող Արցախի հարց լուծել, այն լուծվել է Նիկոլ Փաշինյանի կողմից․ Արցախի թեմի առաջնորդ

Մանրամասներ
տավուշ

100 տարի առաջ Արցախը մեկ մարդու՝ Ստալինի ձեռքով դարձավ Ադրբեջանի մաս։ Այժմ ևս հայկականացված, սրբագործված, մեր տղաների արյամբ նորից հայացած ու քրիստոնեացած Արցախը մեկ մարդու շնորհիվ անցնում է Ադրբեջանին։ Նույնը այսօր շարունակվում է նաև այս տարածաշրջանում, որը անզեն աչքով տեսանելի է, որ կտրվում է․․․

Պետք է մեր ամբողջ ներուժն օգտագործենք այս նպատակները ի չիք դարձնելու, մեր շարքերից հանելու տեսանելի և անտեսանելի թշնամիներին, այլապես եթե հապաղենք ուրիշ, ավելի վտանգավոր երևույթներ ի հայտ կգան։ Դրա համար անհրաժեշտ է համախմբվել նվիրյալ անձանց շուրջ և կարողանալ այս մարտահրավերները հեռացնել մեզանից և կայուն և խաղաղ կյանք ապահովել մեր ժողովրդի համար։

Ժողովուրդը Արցախը չհանձնեց։ Մենք լավ գիտենք մեր պատմությունը, լավ գիտենք մեր նվիրյալների աշխատանքը և լավ գիտենք նաև, թե ինչ գնահատական են տվել մեր հայրերը նման նվիրական ծառայության համար։ Արցախի ժողովուրդը ընտրել էր իր պետականություն, Արցախի ժողովուրդը դեռ ժողովուրդների ինքնորոշման պարագային բոլոր այն նվիրական գործոնների Արցախը հռչակել է ինքնավար, ինքնուրույն պետականություն և նա երբեք իր պետականությունը չի տվել և չեմ կարծում, որ նշածդ անձը կարող է ինչ-որ Արցախի հարց լուծել /Շահրամանյան/։ Արցախի հարցը լուծվել է ուրիշ շրջանակներում և ուրիշ մարդկանց կողմից, Նիկոլ Փաշինյանի։

Եկեղեցին իր առաքելությունից երբևիցե չի շեղվել, իսկ եթե կան իշխանություններ, ովքեր կգան, կհարեն այդ ճանապարհին , հետո կհեռանան, դա իրենց գործն է։ Իշխանություները այսօր կան, վաղը չկան, ուրիշ իշխանություններ կգան, իսկ եկեղեցին 1700 տարի իր ծիրից դուրս չի եկել և իր առաքելությունը գիտի առ Քրիստոս, առ հայրենիք և այդ առաքելությունը ով աչք ունի՝ թող տեսնի և ով որ ականջ ունի, թող լսի այդ քարոզները և միանա՝ հանուն մեր երկրի, մեր հոգու փրկության և այս տարածաշրջանում խաղաղության համար։ Եկեղեցին չի կարող իշխանության կցորդ դառնալ և փոխել իր առաքելությունը։

Ադրբեջանը իր և՛ քողարկված, և՛ տեսանելի ձևաչափերից չի հրաժարվել, ընդհակառակը՝ ասեմ, որ խորհրդային տարիների Ադրբեջանը և այս օրերի Ադրբեջանը տարբեր են լիարժեք՝ դեպի վատը գնալու իմաստով, որովհետև գոնե այդ տարիներին մենք լավ ենք հիշում՝ այդ եկեղեցիները, վանքերը ինչ-որ չափով, պահեստների կամ գոմերի վերածելով պահպանվում էին, բայց հիմա լրիվ հետքն են ջնջում, գյուղեր են ջնջում, գերեզմաններ են ավիրում և սա այն ձեռագիրն է, որը հարիր է քոչվոր ցեղին, հարիր է այն ազգերին, որոնք փչացնում են այն ամենը, ինչ քրիստոնեական է, հայկական է, իրենցը չէ՝ յուրացնելով այդ ամենը։ Ուստի բոլոր մակարդակներով պետք է պայքարենք այդ ամենի դեմն առնելու համար, իսկ պայքարը անխուսափելի է, այդ ճանապարհով մենք պետք է գնանք, հասնենք նրան, որ բոլոր միջազգային կառույցները, բոլոր սրտացավ մարդիկ այս ձայնը բարձրացնեն, որպեսզի կանխեն այդ վայրագությունները։

Այն, ինչ մենք տեսնում ենք, հասկանալի է, որ բոլոր այն վայրերում, որտեղ գյուղարանքներ են, փոքրաթիվ անտառներում գտնվող եկեղեցիներ, խաչքարներ, գերեզմաններ կան, այդ ամեն ինչը ավիրվում է, իսկ այն տեսանելին, որ մենք արբանյակային կադրերով տեսնում ենք, պատկերը պարզ է, որ նրանք անում են այն ամենը, ինչ անընդունելի և անընկալելի է ժողովուրդների և հասարակության համար։

Երբ Դադիվանքը հսկում էին ռուս խաղաղապահները և հայ սպասավորները ծառայություն էին իրականացնում, ադրբեջանցիները մշտապես այցեր էին կազմակերպում, դա կլինի հասարակական հիմունքներով, պետական մակարդակով, թե կրոնական այլ ուղղություններով։ Բայց ինչքանով ես տեղյակ եմ՝ մեր հոգևորականների դուրս գալուց հետո ոչ մի լրագրող, ոչ մի կրոնավոր մուտք չի գործել Դադիվանք։ Այսինքն նրանք ոչ թե մտածում էին, որ այն Աղվանական է, այլ կազմակերպում էին, որ մեզ էնտեղից հանեին։ Սա քաղաքական ձևաչափով դրսևորվող երևույթներ էին Դադիվանքի նկատմամբ։

Եթե ջանքերը բավարար լինեին, Արցախի նախագահները Բաքվում չէին լինի։ Կարծում եմ, որ եթե համապարփակ աշխատանք տարվեր, այնտեղ գերի չէր մնա։