Ագրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալ

Մանրամասներ
ամն

ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը Ադրբեջանի վերաբերյալ. ագրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ, որոնք իրականացվել են անվտանգության ուժերի կողմից:

ԱՄՆ Պետքարտուղարությունը «2023 երկրի զեկույցները մարդու իրավունքների պրակտիկայի վերաբերյալ. Ադրբեջան» իր տարեկան զեկույցում նշել է այնպիսի փաստեր, ինչպիսիք են 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի դեմ ագրեսիան, երկրի անվտանգության ուժերի աշխատակիցների կողմից կամայական սպանություններն ու խոշտանգումները:

«Սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը ռազմական գործողություն է իրականացրել՝ նպատակ ունենալով  լիակատար վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի վրա։ 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը քաղաքացիական և առևտրային փոխադրումների մեծ մասի համար՝ թույլատրելով միայն կարճաժամկետ մարդասիրական մուտքը, մինչև սեպտեմբերի 24-ը, երբ Ադրբեջանը վերաբացեց միջանցքը Լեռնային Ղարաբաղից միակողմանի երթևեկության համար։

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչներ՝ ըստ էության տարածաշրջանի բոլոր էթնիկ հայերը, փախել են Հայաստան»,- ասված է ԱՄՆ Պետդեպի զեկույցում:

Զեկույցը միաժամանակ տեղեկություններ է պարունակում աննախադեպ թվով շիա մահմեդականների ձերբակալության մասին։

Զեկույցում ընդգծվում է նաև, որ մարդու իրավունքների հիմնարար խնդիրները ներառում են ապօրինի կամ կամայական սպանությունների, խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին արժանահավատ հաղորդումներ, դաժան և երբեմն կյանքին վտանգ սպառնացող բանտային պայմաններ, կամայական կալանավորումներ, դատական իշխանության անկախությանն առնչվող լուրջ հարցեր, քաղբանտարկյալներ և կալանավորներ, երկրից դուրս անհատների տրանսազգային բռնաճնշումներ, կամայական կամ ապօրինի միջամտություն անձնական կյանքին, ենթադրյալ հանցանքի համար ընտանիքի անդամների պատիժը հարազատների կողմից, լուրջ խախտումներ հակամարտության ընթացքում, ներառյալ՝ քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ իրերի կանխամտածված զրկումը և բնակչությանը հումանիտար հասանելիությունից զրկելը, խոսքի ազատության և զանգվածայի լրատվամիջոցների ազատության լուրջ սահմանափակումներ, ներառյալ՝ լրագրողների նկատմամբ բռնությունները և այլ լուրջ հանցագործությունները:

Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը չի ձեռնարկել արժանահավատ քայլեր՝ պատժելու այն պաշտոնյաներին, որոնք, ըստ տեղեկությունների, թույլ են տվել մարդու իրավունքների խախտում։