Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ

Մանրամասներ
շվեյցարիա

Շվեյցարիայի իշխանությունները 2023 թվականին լրացուցիչ սառեցրել են Ռուսաստանի Դաշնության ֆինանսական ակտիվներ՝ 580 միլիոն շվեյցարական ֆրանկի (մոտ 636 միլիոն դոլար) չափով։ Այդ մասին ասված է Շվեյցարիայի Տնտեսական հարցերով պետական ​​քարտուղարության հայտարարության մեջ։

«Հաշվետու ժամանակահատվածում կոմիտեն, սեփական հետաքննության արդյունքներով և բանկերի մանրամասն բացատրություններից հետո, սառեցրել է 580 միլիոն շվեյցարական ֆրանկի (խմբ․՝ Ռուսաստանի Դաշնության) լրացուցիչ ֆինանսական ակտիվներ: Բացի այդ, արգելափակվել է անշարժ գույքի երկու նոր օբյեկտ», – փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Այժմ համադաշնությունում, ընդհանուր առմամբ, սառեցված է անշարժ գույքի 17 օբյեկտ, պարզաբանել են քարտուղարությունում։

Բացի այդ, Շվեյցարիայի իշխանությունները լրացուցիչ արգելափակել են ռուսական այլ ակտիվներ, որոնց թվում՝ «սպորտային և լյուքս ավտոմոբիլներ, արվեստի գործեր, կահույք և երաժշտական ​​գործիքներ, որոնք պատկանում են Շվեյցարիայում պատժամիջոցների ենթարկված՝ (խմբ․՝ Ռուսաստանի Դաշնության) ֆիզիկական և իրավաբանական անձանց»: