Բոլոր կողմերը համաձայն են, որ Ռուսաստանը պետք է մասնակցի Ուկրաինայի հարցով հաշտության երկխոսությանը, բայց միասնություն չկա այն հարցի շուրջ, թե որ պահին դա կարող է տեղի ունենալ: Մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Ինյացիո Կասիսը։
«Պարզ է, որ Ռուսաստանը պետք է մասնակցի այդ գործընթացին: Դրան բոլորը համաձայն են։ Հարցն այն է, թե որ պահից այն կարող է մասնակցել», – Կասիսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Արտգործնախարարը նշել է, որ Շվեյցարիայի Բուրգենշտոկ քաղաքում կայանալիք գագաթնաժողովը «հաշտության գործընթացի սոսկ մեկնարկային կետն է»։
«Դա (խմբ․՝ այս գործընթացը) կարող է տևել շաբաթներ, ամիսներ: Արդյոք այն ընդհանրապես կհանգեցնի հաջողության, ցույց կտա ապագան», – հավելել է Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարը:
Նա պնդել է, որ գագաթնաժողովին նախապատրաստվելիս համադաշնության իշխանությունները կանոնավոր կապեր են պահպանում Ռուսաստանի հետ, և ափսոսանք է հայտնել, որ չի հաջողվել հասնել հանդիպմանը միաժամանակ երկու կողմերի՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի մասնակցությանը:
Բուրգենշտոկում Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 15-16-ին: Գագաթնաժողովին իրենց մասնակցությունն են հայտնել շուրջ 90 երկրներ և կազմակերպություններ։
0Comments