Մենք հավատում ենք Ալիևին կանգնեցնելու ԵՄ կարողությանը, այդ դեպքում Հայաստանին աջակցությունը երկիմաստ չի լինի: Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:շ«Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանում ոչինչ չի կատարվում առանց այդ երկրի նախագահի հավանության, ով լուրջ չի ընդունում առանց գործողության նախազգուշացումները։ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի»,- ասված է գրառման մեջ։
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անընդունելի է համարել ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները:
X-ի իր միկրոբլոկում նա գրել է, որ սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ համաձայնեցված գործընթացի շրջանակներում:
Արձագանքելով Կլաարի այս դիտարկումներին՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Տոյվո Կլաարը չի կարող ձերբազատվել կողմնակալությունից և միայն ադրբեջանական գյուղերի վերադարձի վերաբերյալ իրավական դիսկուրսը համարում է չարիք:
Նա հավելել է, թե այդ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն:
0Comments