Կա նաև լիդերի հարց. պետք է գտնենք մի անձ, որը բոլորի կողմից կընդունվի. Արմեն Ռուստամյան

Մանրամասներ
Արմեն Ռուստամյան

Շատ է խոսվում այն մասին, թե մենք ինչպես ենք պատկերացնում իշխանափոխությունը, որն է որից առաջ, զանգված հավաքվի, հետո գնանք իշխանափոխության, թե մենք ասենք՝ ինչ ենք ուզում, ինչպես ենք պատկերացնում, նոր այդ զանգվածը հավաքվի: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Բնականաբար դրանք իրար հետ զուգահեռ պետք է տեղի ունենան: Իշխանափոխության հասնելու հաջողությունը պայմանավորված է երեք մակարդակով բովանդակային մի քանի հարցերի ամբողջական պատասխանը տալով։ Առաջինը, բոլորի մոտ հարց է առաջանում, ինչու պիտի փոխվի այս իշխանությունը։ Կարծում եմ, այս հարցի հետ կապված բավականին հստակություն գոյություն ունի։ Մենք ասում ենք՝ ինչի պիտի փոխվի, որովհետև մի օր ավել մնալը այս իշխանությունների մեզ նոր կործանումների առաջ է կանգնեցնում: Մեր առջև այս իշխանությունը, ըստ էության, դնում է մի երկընտրանք, վատի ու վատագույնի ընտրության առաջ է կանգնեցնում՝  կամ կապիտուլյացիա, կամ պատերազմ։ Հիմա մենք ասում ենք, այս երկընտրանքից մեր ժողովուրդը պետք է դուրս հանել:

Երկրորդը, ինչո՞վ պետք է փոխվի: Այստեղ մենք իհարկե ներկայացնում ենք մեր ծրագրերը, մեր այլընտրանքը, Մեր ուժականության աղբյուրները պետք է վերականգնվեն, ինչը իրենք ցամաքեցրել են:

Այս իշխանությունները պարզապես հայ տեսակի հետ խնդիր են տեսնում, որովհետև այդ նույն խնդիրը տեսնում են թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչները, որոնք իրենց առաջ պարտադրանք են դրել, որ այս տեսակը վերացրեք, եթե չէ, մենք կգանք, պատերազմով կվերացնենք»,-ասաց Ռուստամյանը:

Նա նկատեց, որ կա նաև հարց, թե ով պետք է լինի առաջնորդողը. «Պետք է գտնենք մի անձ, որը բոլորի կողմից կընդունվի և այդ անձը կդառնա, օրինակ, պաշտոնանկության պրոցեսի համար կարևոր դեմքերից մեկը։ Իմպիչմենտի համար անհրաժեշտ է, որ հստակ լինի թեկնածուին ով է, որովհետև միայն ասել Նիկոլը պետք է հեռանա, բայց չասել ով է գալու տեղը, չի ստացվի այդ պաշտոնանկության պրոցեսը, որովհետև դա է պահանջում մեր այսօրվա օրենսդրությունը։

Այստեղ ՀՅԴ-ն ամեն ինչ արել է, որ դա հեշտանա։ Մենք ինքներս մեզ չենք առաջադրում, մենք ասում ենք՝ պատրաստ ենք համագործակցել ցանկացած անձի հետ, ով այս բովանդակային մասն է ընդունում, որ այդ իշխանափոխության էությունն է պատկերացնում, այս այլընտրանքն է ընդունում: Այսինքն մենք ամենից անում ենք, որ այդ ամբիցիաները, հատվածական շահերը չխանգարեն, որ այդ միասնական թեկնածու անձը ի հայտ գա։

Եվ, և երրորդը, ինչպես անելն է: Մեզ ոչ թե պարզ մասնակցություն է անհրաժեշտ, այլ կազմակերպված մասնակցություն է անհրաժեշտ, որպեսզի հակակշռվի այն բիրտ ուժը, որը այսօր իշխանությունները կիրառում են։ Այսօր ձևավորվել է մի բանդա, որի անունը դրել են բերետավորներ: Ոչ մի մարդ վայրագությունների համար չի դատապարտվել և որևէ պատիժ չի ստացել։ Այս բոլորն անում են, որ վախ սերմանեն մեր ժողովրդի մեջ, և այդ վախը մենք հաղթահարելու խնդիր ունենք: Ամեն մեկը պատրաստ չի այսօր այն վճռականությամբ մտնի փողոց, որ գիտի վաղը հետապնդվելու է, բանտարկվելու է»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Նա նաեւ հավելեց, որ երկրորդ գլխավոր հարցը, որ այս իշխանությունների հիմնական հենարանն է հանդիսանում, դրսի աջակցությունն է. «Մենք այդ ուղղությամբ էլ ենք լուրջ աշխատանքներ ծրագրավորում»:

Արմեն ռուստամյանի խոսքով, լիդերը պետք է լինի նա, ով առավելագույնս համախմբում կիրականացնի այդ դաշտում. «Մենք հռչակում ենք միջանկյալ նպատակ իշխանափոխություն իրականացնելը: Հիմա այդ ճանապարհին ով կընկալվի բոլորի կողմից, որ ընդունելի է որպես անձ, մենք պատրաստ ենք այդ անձի հետ համագործակցել: Այդ դաշտը չպետք է թույլ տալ, որ պառակտվի, իսկ չպառակտելու համար այդ բանաձևը գոյություն ունի, ով որ իշխանությունները փոխելու այս օրակարգով, իշխանությունները փոխելու նպատակին դեմ չի, մեզ հետ է: Մենք պետք է մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները, որոնք այսօր կան, երեք-չորս հոգի հավաքվեն, հինգ-վեց հատ տարաձայնություն կունենան։ Մենք այդ փորձն ունենք։ Մենք պետք է մի կողմ դնենք այդ տարաձայնությունները՝ հասկանալու համար, որ կա գերխնդիր և պետք է երկրորդական համարվեն, ստորադասվեն բոլոր տիպի տարաձայնություններն ու հակադրությունները, որոնք ընդդիմադիր դաշտում այսօր նկատվում է»,- ընդգծեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը: