Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը շարունակում է մնալ երկրորդ ճակատ բացելու վտանգի տակ, և միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում կարող է երաշխավորել խաղաղության պահպանումը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։
«Մենք պահպանել ենք խաղաղություն, կայունություն և ուժեղ, արագ տնտեսական աճ: Բայց այն ռիսկերը, որոնց բախվել է մեր երկիրը նախորդ երկու տարում՝ կապված անվտանգության և պատերազմի մեջ մեր երկրի ներքաշման, երկրորդ ճակատի տեղափոխման հետ, չեն վերացել։ Այս մասին խոսել եմ ընտրողների, մեր կուսակցության ակտիվիստների հետ և ասել, որ «Վրացական երազանքի» հաղթանակը մեր ժողովրդի համար խաղաղության, կայունության և զարգացման միակ, անայլընտրանքային ելքն է»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ըստ նրա, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած նախորդ կառավարությունը «դավաճանել է վրաց ժողովրդի շահերին»՝ հանուն «օտար երկրների շահերի», և այս ամենը Վրաստանին բազմաթիվ աղետներ է բերել։
«Հետևաբար, մենք թույլ չենք տա որևէ մեկին նորից ու վերջնականապես կործանել մեր երկիրը»,- հավելել է նա։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերին։ «Վրացական երազանքը» մնում է իշխանության ղեկին 2012 թվականից։ Կուսակցությունը ոչ միայն չորրորդ ժամկետի, այլև սահմանադրական մեծամասնություն ստանալու հույս ունի։
0Comments