Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են աշխատանքը՝ առաջին հերթին երկկողմ հարաբերությունների կառուցման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է շփումների իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։
Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շարունակում ենք աշխատանքն ամերիկյան կողմի հետ առաջին հերթին մեր երկկողմ հարաբերությունների կառուցման ուղղությամբ, որոնց վիթխարի վնաս է հասցվել (ԱՄՆ) նախորդ վարչակազմի օրոք», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ շփումներին։
«Նախագահը լիովին բաց է մնում Թրամփի հետ շփումների համար, ուստի անհրաժեշտության դեպքում նրանց զրույցը շատ օպերավորեն կկազմակերպվի», – ասել է նա ճեպազրույցում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր այս շաբաթ Պուտինին կրկին զանգահարելու մտադրության մասին: Նա նաև ասել էր, որ «խիստ զայրացած» է Պուտինի վրա՝ Ուկրաինայի նախագահի օրինականությունը կասկածի տակ դնող արտահայտությունների պատճառով։
0Comments