Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց բարձրացրեց ՊՆ պաշտոնական կայքից 2-2․5 տարի առաջ անհետացած «Արցախյան ազատամարտ» բաժնի մասին․
«Ի վերջո ՀՀ ԶՈՒ-ն ձևավորվել է Արցախյան ազատամարտի հիման վրա, հիմա ՊՆ-ն պատճառաբանում է տեխնիկական խնդիրներով, հնարավոր չէ՞ր արդյոք 2-2․5 տարում վերացնել այդ խնդիրները․ ե՞րբ կվերականգնվի այդ բաժինը կայքում»,- հետաքրքրվեց Մանուկյանը, սակայն ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանն ի պատասխան հայտնեց, որ խնդիրը իր պաշտոնեական պարտականությունների շրջանակից դուրս է․
«Անկեղծ ասած, տեղյակ էլ չեմ ինչի մասին եք ասում»,- հավելեց նա։
Ընդդիմադիր պատգամավորը նաև մեկ այլ հարց հնչեցրեց՝ ե՞րբ ՀՀ ԶՈՒ-ն հանդես կգա նոր հանդերձանքով։ Հարցին պատասխանելիս ՊՆ փոխնախարարը նկատեց, որ ուսումնասիրվում է լավագույն միջազգային փորձը․
«Մենք համագործակցում ենք Ֆրանսիայի և այլ առաջադեմ բանակներ ունեցող երկրների հետ։ Ձեր սպասումները կխնդրեի՝ լինեին ոչ թե արագ անելու շուրջ, այլ լավ որակի հագուստ ունենալու շուրջ․ եթե դրա համար պետք է մի քանի տարի, այո՛, պետք Է մի քանի տարի սպասել»,- պնդեց Բրուտյանը։
0Comments