Սպառնալի՞ք, թե՞ նախազգուշացում․ Միխայիլ Գալուզինի ակնարկը հայ ժողովրդին ու ՀՀ իշխանություններին

Մանրամասներ․ 168․am
նիկոլ գալուզին

Ռուսական կողմը սկսում է ՀՀ իշխանություններին հրապարակային զգուշացնել հետևանքների մասին, որոնք կարող են լինել Հայաստանի արևմտամետ քաղաքականության շարունակության դեպքում։

ՀՀ իշխանությունների կողմից ակտիվ հակառուսական քաղաքականության ֆոնին բազմաթիվ երկկողմ հայտարարություններ են եղել, լարված և սուր, սակայն Ռուսաստանի կողմից սպառնալիքներ ու զգուշացումներ գրեթե չեն եղել։

Ռուսական «Իզվեստիա»-ին հարցազրույց էր տվել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, խոսելով Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունից ու առաջացած խնդիրներից։ Գալուզինը գտնում է, որ ՀԱՊԿ-ում մնալը և լիարժեք խորհրդակցություններին վերադառնալը, քննարկումներին մասնակցելը համապատասխանում են առաջին հերթին Հայաստանի ժողովրդի և հայկական պետության շահերին։ Նրա որակմամբ, օբյեկտիվորեն ՀԱՊԿ մեխանիզմին տեսանելի այլընտրանք չկա Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից։ «Ավելին, ՀԱՊԿ անդամ երկրները միշտ բաց են եղել և մնում են Երևանին օգնություն ցուցաբերելու համար։

Ժամանակին Հայաստանին առաջարկվել են ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, մասնագիտացված կադրերի պատրաստման, ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններ ուղարկելու հետ կապված միջոցառումներ։ Բայց, ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չարժանացան ու կյանքի չկոչվեցին։

Մենք ելնում ենք նրանից, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այս տարածաշրջանն ընդհանուր տուն է։ Ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆրանսիան, ոչ ԵՄ երկրները չեն դասվում այդ երկրների շարքին։

Ըստ այդմ, մենք հակաարդյունավետ ենք համարում ոչ տարածաշրջանային ուժերին՝ Արևմուտքին տարածաշրջան ներքաշելը, ինչին, ցավոք, վերջին շրջանում պաշտոնական Երևանը հակված է։ Մենք տեսնում ենք, որ ոչ մի երկրում կամ տարածաշրջանում, որտեղ միջամտել են Միացյալ Նահանգները և նրա արբանյակները՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի, կայունություն և կայուն խաղաղություն չի եղել: Եղել է միայն պետականության կործանում, քաոս ու ապակայունացում։ Օրինակները շատ են՝ Բալկանները, Իրաքը, Լիբիան, Սիրիան, Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքները»,- ասել է Գալուզինը, ըստ էության ՀՀ իշխանություններին զգուշացնելով ՀՀ պետականության կորստի հնարավորության մասին։

Գալուզինի այս հարցազրույցը հաջորդեց Նիկոլ Փաշինյանի՝ բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցին, որում նա նշել էր, թե չեն ժխտում և մերժում Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանրապես և անվտանգության ոլորտում մասնավորապես։

«Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք դիվերսիֆիկացնել անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները: Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք սա նշանակում է, որ մենք անվտանգային ոլորտում պատրաստվում ենք մեր հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ: Ոչ, դա չի նշանակում, բայց դա նշանակում է, որ անվտանգության ոլորտում պատրաստվում ենք և պատրաստ ենք, և քննարկում ենք ու աշխատում հարաբերություններ հաստատել, օրինակ, Եվրամիության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Ֆրանսիայի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Միացյալ Նահանգների հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Հնդկաստանի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, և էլի բազմաթիվ երկրների հետ, որոնց հետ մենք քննարկում ենք: Նույն Միացյալ Նահանգների, կամ Ֆրանսիայի, կամ Հնդկաստանի, կամ Եվրամիության հետ անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները բնականաբար ուղղված չեն Ռուսաստանի դեմ»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն այսօր առնվազն դե յուրե Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ է, սակայն վստահ չէ, թե բլոկային ռազմավարությունը համապատասխանում Հայաստանի շահերին՝ ընդհանրապես երկարաժամկետ կտրվածքով:

168am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը մեկնաբանելով ռուսական դիրքորոշումը, նշեց, որ դա ոչ այնքան նման է ճնշման փորձի, որքան սպառնալիքի և արձագանքի՝ ստեղծված իրավիճակին։ Սակայն, նրա խոսքով, պետք է հասկանալ, թե ներկայումս ի՞նչն է ձեռնտու Ռուսաստանին, և Հայաստանին որպես ռազմավարական գործընկեր պահելով և լինելով ՀՀ միակ դաշնակիցը՝ ի՞նչ է շահում Ռուսաստանը։

Նրա խոսքով, ՀՀ խնդիրները ներկայումս շատ են, ավելի շատ են Ռուսաստանի խնդիրները, ուստի հակված չէ կարծել, որ Ռուսաստանին հավելյալ «գլխացավանքներ» են հարկավոր։

«Իրավիճակը պետք է վերլուծել հայտարարություններից անդին, քանի որ հայտարարությունները խոսքեր են, որոնք միշտ չէ, որ արտացոլում են իրական շահերը ու ցանկությունները»,- ասաց նա։

Ռուս վերլուծաբանը չի կարծում, թե Ռուսաստանը լրջորեն դեմ է այն քաղաքականությանը, որը վարում են ՀՀ իշխանությունները։

Նրա խոսքով, գոնե այդպիսին է տպավորությունը։

«Ժամանակավոր կամ գոնե այս փուլում ՌԴ-ն իր քաղաքականությունը Հարավային Կովկասում վերափոխել է՝ ավելի սերտ համագործակցություն հաստատելով Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի հետ, սա ավելի հարմար է ու էականորեն ավելի քիչ ռեսուրս պահանջող։ Իսկ Հայաստանի հարցերին անդրադառնում է այս հռետորաբանությամբ՝ ելնելով հանգամանքից, որ այս ամենին այդպես պետք է արձագանքել։ Իրականում մշտապես կա նաև այն համոզմունքը, որ Հայաստանն իրական այլընտրանք չունի, և Արևմուտքը Հայաստանին չի կարող ապահովել այն ամենով, ինչ Հայաստանին հարկավոր է։ Եվ խոսքը միայն զինտեխնիկայի մասին չէ, այլ քաղաքականության, պատմական կապերի ու ռեգիոնի իմացության, այս տեսանկյունից Ռուսաստանը Հարավային Կովկասում իրեն մրցակից չի տեսնում, բայց Արևմուտքի ջանքերը նկատում ու արձագանքում է։

Ներկայիս իրավիճակը ձեռնտու է նաև Ռուսաստանին նրանով, որ ՌԴ-ն նախկին իրավիճակի պահպանման դեպքում չէր կարողանալու ապահովել Հայաստանի ռազմատեխնիկական պահանջն այն ամենի ֆոնին, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, և այն ամենի ֆոնին, թե ինչի դեմ է այնտեղ պայքարում Ռուսաստանը։ Բնականաբար, ՌԴ-ն առաջին հերթին՝ իր կարիքները պետք է հոգա»,- նման կարծիք հայտնեց Պավել Ֆելգենգաուերը։

Այլ հարց է, որ, նրա խոսքով, ՌԴ-ն ցանկանում է պահպանել ՀԱՊԿ-ը, որի համար հարկավոր են անդամներ։

«Իսկ ՀԱՊԿ-ում հիանալի հարաբերությունների պարագայում Հայաստանին Արևմուտքից որևէ զենք չէին վաճառի, և կարծում եմ, որ անդամակցության պահպանման դեպքում լուրջ զինատեսակներ Արևմուտքը չի մատակարարի։ Սա իմ կարծիքն է։ Այսինքն՝ աշխարհում իրավիճակը փոխվել է, Ռուսաստանի իրավիճակն ու նախկին շահերը ևս գուցե ժամանակավոր փոխվել են, ուստի այն երևույթներին, որոնց արձագանքը գուցե նախկինում շատ սուր լիներ, այսօր ավելի մեղմ է՝ ելնելով թե իր շահերից, թե եղած ռեսուրսներից»,- ասաց Ֆելգենգաուերը։

Նա ևս գտնում է, որ Արևմուտքը ցանկանում է վերջնականապես ՀՀ-ին գրավել իր կողմ, բայց ռեգիոնի զարգացման մասին Հայաստանի ու Արևմուտքի պատկերացումները, հետևաբար՝ նաև շահերը, չեն համընկնում։

«Ուստի ՀՀ-ի սպասումները չեն արդարացվի»,- ասաց նա։