1,5 տարի առաջ, երբ Ալիեւը խոսում էր անկլավների մասին, Հայաստանից լուրջ արձագանք չէր արվում, իսկ այսօր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ անկլավների մասին ես խոսո՞ւմ, դու իմ 32 գյուղերի տարածքներից դուրս արի, նոր կխոսենք անկլավների մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
«Սա չի նշանակում արդյոք, որ Հայաստանը դանդաղորեն վերականգնում է իր ուժերը եւ պատրաստ է պաշտպանելու իր քաղաքացիների անվտանգությունը, իր տարածքային ամբողջականությունը: Ուղղակի դինամիկան տեսեք: Մեզ 1-1,5 տարի եւս անհրաժեշտ է, որ ամբողջությամբ կարողանանք մեջքներս ուղղել, եւ թուրքի հետ ուրիշ ձեւով կխոսենք»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը սպառնում է պատերազմով, որ պատերազմով կստանա անկլավները, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Եթե ինքը պատերազմով կարողանար ստանալ, պատերազմը վաղուց կաներ: Հիմա ինքը շանտաժ է անում, որ եթե չտաս անկլավները, ուժով կվերցնեմ: Իրական շանտաժիստը Ադրբեջանն է»:
Ասլանյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը ոչ մի անկլավ չի տալու, քանի դեռ Ադրբեջանը դուրս չի եկել հայկական տարածքներից. «Ոչ մի համաձայնություն չի լինի, մինչեւ մեր կենսական տարածքները չվերադարձվեն մեզ: Եթե հետեւեք վարչապետի հայտարարություններին դուք կտեսնեք, թե գնալով որքան ավելի հաստատակամ է դառնում մեր խոսքը: Դրա համար հիմք է մեր երկրի տնտեսական, քաղաքական, ռազմական եւ մնացած բոլոր ոլորտներում դանդաղ, բայց հստակ մեջքն ուղղելը: Եվ ռազմարդյունաբերության մեջ, եւ տնտեսության մեջ, եւ մեր զարգացման մեջ, բոլոր հարցերում գուցե սխալներ թույլ տալով, երբեմն մի քիչ էլ սխալ ուղիով գնալով, բայց այն, որ այսօրվա Հայաստանը չես համեմատի 2020-ի, 2021-ի, նույնիսկ 2022-ի Հայաստանի հետ, միանշանակ է: Այսօր մեր պետությունը դանդաղ, բայց հաստատուն ձեւով մեջքն ուղղում է: Թուրքը տեսնում է, թե ոնց ենք ամրացնում մեր սահմանները: 1-2 տարի հետո ինքն ընդհանրապես չի կարողանալու այդպես խոսել մեզ հետ:
Այսօր մեր ռազմական բյուջեին ավելի շատ գումար է տրված, քան Ադրբեջանին. Չնայած մերը Ադրբեջանի բյուջեի կեսն է, բայց չէր որ իրենց տարածքը մեր տարածքից 3 անգամ մեծ է»,-ասաց Ասլանյանը:
0Comments